ՄՈՍԿՎԱ, 3 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Անցած շաբաթ Յարոսլավլում ձերբակալվել է ադրբեջանցի ահաբեկիչ, որը ծրագրել էր մարզի տարածքում իրականացնել մասշտաբային դիվերսիաներ։ Ձերբակալվածը 36 տարեկան է։ Նա նախկինում դատված է եղել։ Ծնվել է Բաքու քաղաքում։ Հանցագործի անունը առայժմ չի հրապարակվում։ Ձերբակալվելիս ահաբեկիչը զինված դիմադրություն է ցույց տվել։ Նրա բացած կրակից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Ռուսական ՆՏՎ ալիքի տեղեկություններով, ձերբակալվածը մի խմբավորման անդամ է, որը մի ամբողջ շարք ահաբեկչություններ է նախապատրաստել Յարոսլավլում եւ մերձվոլգյան այլ քաղաքներում։ Ադրբեջանցի ահաբեկչից ձերբակալության ժամանակ առգրավվել են լիցքավորված ՊՄ ատրճանակ, մարտական նռնակ ՌԳԴ-5, միանվագ օգտագործման ներարկիչ եւ հերոինով լցված սրվակ։ Տանը, որտեղ ապրում էր հանցագործը, կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ռումբերի պատրաստման եւ պայթյունների կազմակերպման հրահանգաձեռնարկ, ինչպես նաեւ արաբերեն եւ ռուսերեն գրքույկների քսերոպատճեններ, որտեղ պարունակվում են մանրամասն հրահանգներ, թե ինչպես հասարակական վայրերում լարել այսպես կոչված «ական-թակարդներ»։ Օպերլիազորների հատուկ ուշադրությունն են գրավել ավտոմեքենաների ականապատման եւ կինոթատրոնների բազկաթոռներում ռումբերի տեղադրման սխեմաները։ Իրավապահ մարմինները, պարզելով հանցագործի անձը, համոզվել են, որ նա պայթուցիկ գործի պրակտիկ-փորձագետ է։