Ռոբերտ Քոչարյանի նախընտրական այցը Սյունիքի մարզ
Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը Սյունիքի մարզ անչափ կարեւորվում է ոչ միայն տեղի բնակչության, զանգվածային լրատվության միջոցների, այլեւ քաղաքագետների կողմից։ ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց նաեւ Մեղրի, Ագարակ քաղաքների, Լիճք գյուղի բնակչության հետ։ Վաղուց արդեն շրջանառության մեջ մտած «Մեղրու հարց» հորինովի հասկացության պատասխանն էր սպասվում։
Զուտ տնտեսական, սոցիալական առումով այս ենթաշրջանում եւս մի շարք չլուծված հարցեր կան։ Սակայն իրավիճակի անհարկի սուր քաղաքականացումը, հատկապես ընդդիմադիր ուժերի կողմից հարցի շահարկումն ի վերջո պետք է հստակ պատասխան ստանար։ Ինչպես նախընտրական այցի բոլոր հանդիպումների ժամանակ (իսկ դրանք շատ էին), այնպես էլ Մեղրիում Ռոբերտ Քոչարյանը չխուսափեց բաց խոսակցություններից, «ծանր» թեմաների քննարկումներից։ Նաեւ ավելորդ խոստումներ չտվեց։ Ինչպես ասաց Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանըՙ «Մեղրու հետ կապված շահարկումներն այդպես էլ մնում են իբրեւ շահարկումներ, իբրեւ պարզ չարախոսություն։ Դա առավել նկատելի է այստեղ ապրողներիս համար, երբ մեր աչքի առաջ աստիճանաբար լուծում են ստանում մեղրեցիներին մտահոգող հարցերը, երբ այստեղ արձանագրվում են էական տեղաշարժեր բնակչության կենսամակարդակի ոլորտում, աղքատության կրճատման գործում»։
2000 թ. ՀՀ կառավարությունը հատուկ որոշում ընդունեց Մեղրու ենթաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին։ Այդ ծրագիրը բաղկացած էր 58 կետից, որից 50 կետերն արդեն կատարված են, մնացած 8 կետերում նշված ծրագրերը շարունակում են իրականացվել։ Վերջին անգամ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում եղել է 2002 թ. մարտ ամսին։ Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ կազմվել է անելիքների արձանագրություն։ Այսօր կատարված են նաեւ այդ արձանագրության մեջ նշված բոլոր ծրագրերը։ Այժմ էլ լուրջ ծրագրեր կան կապված Հայաստանի սահմանամերձ բոլոր շրջանների, այդ թվում նաեւՙ Մեղրու հետ։
Մեղրի քաղաքի աշխատավորության հետ փետրվարի 3-ի հանդիպման ժամանակ ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահության թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ օրինակներ բերեց ապագայում իրականացվելիք ծրագրերի համար։ Այժմ Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարությամբ լրջորեն քննարկվում է Իրան-Հայաստան գազամուղի հարցը։ Համաձայնություն է ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ իրանական գազը Հայաստան հասցնելու համար։ Քննարկման վերջին փուլում են տեխնիկական հարցերը, ֆինանսներ են հայթայթվում ծրագիրն իրականացնելու համար։ Մտադրություն կա կառուցել բարձր լարման էլեկտրական հոսանքի երկրորդ գիծը, որը հնարավորություն կտա ավելի լայնածավալ համագործակցություն ունենալ Իրանի հետ։ Քննարկվում է նաեւ Քաջարանի թունելի կառուցման հարցը, որը կապահովի տրանսպորտային անխափան կապը նաեւ ձմռան ամիսներին... Սրանք մեծ ծրագրեր են, յուրաքանչյուրը մի քանի միլիոն, անգամ մի քանի տասնյակ միլիոն ամերիկյան դոլար գումարի արժողությամբ։ Եթե այս հարցերը պատասխան ստանան, ապա այստեղ ոչ միայն կլուծվի գործազրկության հարցը։ Ավելինՙ աշխատողների պակաս է զգացվելու։ Այս ամենը զուտ պոպուլիստական խոստումներ չեն։ Այդպիսի ծրագրեր արդեն իրականացվել են։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունների վերջին երկու-երեք տարիների զարթոնքը խոսում է այն մասին, որ հանրապետության ղեկավարությունը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ի վիճակի է իրականացնել ռազմավարական նշանակության շատ ծրագրեր։ Արտադրական գործընթացներում այսօր արդեն ընդգրկված է 4100 մարդ, իսկ միայն 2002 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում վճարված ուղղակի աշխատավարձի ընդհանուր գումարը գերազանցել է 600 մլն դրամի սահմանը։
Իհարկե, լայնածավալ ծրագրեր են այսօր նախագծվում եւ իրականացվում։ Այդ ծրագրերի անգամ կեսի իրականացումը մեծ նշանակություն կունենա Մեղրու ենթաշրջանի, Սյունիքի մարզի, ողջ Հայաստանի համար։
Անչափ կարեւոր է երկրի անվտանգության ապահովումը հատկապես սահմանամերձ գոտում ապրող ժողովրդի համար։ Հինգ տարի առաջ հայաստանյան որոշ նոստրադամուսներ կանխագուշակություններ էին անում եւ հայտարարում, որ եթե երկրի նախագահ ընտրվի Ռոբերտ Քոչարյանը, ապա պատերազմն անպայման կվերսկսվի։ Սակայն վերջին 5 տարում ոչ միայն պատերազմ չվերսկսվեց, այլեւ խաղաղության հիմքերն ավելի են ամրապնդվել։ Մեր բանակն ավելի մարտունակ է։ Ժողովուրդը միշտ այն գիտակցությունը պիտի ունենա, որ հզոր բանակի թիկունքում կարելի է վստահորեն ապրել եւ արարել։
Այս քաղաքականությունը շարունակվելու է նաեւ ապագայում։
¬ Ես, իհարկե, գիտեմ, թե ինչպիսի խոսակցություններ էին գնում Մեղրու շուրջ,¬ ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։¬ Մենք տեսնում ենք, թե այդպիսի խոսակցություններն ինչպես էին թունավորում մարդկանց հոգեբանությունը, հոգեկան ինչպիսի ստրեսներ էին ստեղծում։ Մեղրին ճամպրուկ կամ պահարան չէ, որ որեւէ նախագահ գա ու փոխի ուրիշ ճամպրուկի կամ ուրիշ պահարանի հետ։ Մեղրին փոխանակելու մասին ամեն մի խոսք պարզապես չարախոսություն է։ Ամենապարզ տրամաբանություն ունեցող մարդը պետք է հասկանար, որ այդպիսի խոսակցությունները պարզապես քաղաքական շահարկում ու չարախոսություն են։
Ինչպես Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, այնպես էլ Լիճք գյուղում նախընտրական հանդիպումների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասաց.
¬ Մեղրու վերաբերյալ եղած շահարկումները չափազանց մեծ վնաս են հասցրել հենց Մեղրու բնակիչներին։ Ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում մեր գործարարների հետ եւ փորձում նրանց համոզել, որ նրանք դուրս գան Երեւանի սահմաններից, ներդրումներ անեն նաեւ սահմանամերձ գոտիներում։ Կարող եմ ասել, որ դրանք երբեմն հաջողվում են։ Ինձ թվում է, որ Մեղրու հարցի շահարկումների շրջանն արդեն անցել է։ Եվ այժմ մենք պիտի մտածենք այս շրջանի տնտեսության զարգացման մասին։
Մենք չպետք է մեր ժողովրդի մի հատվածին թշնամացնենք մյուսի հետ, մեր ուժը մեր միասնության մեջ է,¬ ավարտեց իր խոսքը Ռոբերտ Քոչարյանը։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ