Որեւէ երեւույթ հայացնելու զարմանալի հատկություն ունենք մենքՙ հայերս։ Ամեն հարցում, ամեն գործի մեջ առանց առանձնահատուկ հայկական մոտեցման յոլա գնալ չենք կարող։
Ամեն ինչ ենք անում հայավարի, դրա համար էլ շատ հասկացություններ մեր իրականության մեջ փոխում են ոչ միայն բովանդակությունը, այլեւՙ արտասանությունն ու կիրառման բնագավառը։ Այդպես մենք յուրօրինակ ընկալել ու տարաբնույթ օգտագործում ենք ոչ միայն ժողովրդավարություն ասվածը, այլեւՙ նախընտրական քարոզչություն հասկացությունը։
Քարոզչությունն, ընդհանրապես, իսկ նախընտրական քարոզչությունը մասնավորապես հետաքրքիր իրողություն են դարձել։ Եվ չնայած այդ քարոզչության ընթացքին վերաբերող օրենսդրական դրույթներ գոյություն ունեն, ակնհայտորեն ինչ-որ բան պակաս է օրենսդրորեն ձեւակերպվել։
Քարոզարշավ իրականացնելու որոշ կանոններ օրենսդրորեն չեն սահմանվել, այլ թողնվել են թեկնածուների խղճին եւ բարոյական լինելու հույսին։ Եվ այս հարցում բացթողումները բնավ էլ պակաս չեն օրենսդրականներից։
Հասկանալի է, որ բարոյականության չափանիշները մեր քաղաքական գործիչները կամ այդպիսին որակվելու հավակնողները մոռանում են ոչ միայն նախընտրական քարոզչության ժամանակ։ Բայց հատկապես այս շրջանում առավել զգալի է բարոյականության կարիքը, քանի որ հանրապետության նախագահի թեկնածուները հանդիպումներ են ունենում, կարծիքներ ու տեսակետներ են հայտնում, ի վերջո, խոստումներ տալիս։
Ժողովրդավարություն չես կառուցի առանց բարոյականության հիմնական բաղկացուցիչների, ասենք, արդարության եւ ազնվության։ Սակայն ստացվում է, որ մեր ժամանակներում բարոյականությունն անհարիր է եւ ոչ պիտանի կիրառության համար։
Նախընտրական քարոզչության ծրագրային հանդիպումների ժամանակ ընտրող լսարանին այս օրերին հրամցվում են հանգամանքներ ու իրադարձություններ ոչ այնպես, ինչպիսին դրանք կան։ Ասենք, նախընտրական ինչ-որ հանդիպման ժամանակ թեկնածուներից մեկն ասում է, որ «1988¬94 թթ., այդ մութ, խավար եւ պատերազմական ժամանակներում, երբ կռիվ էր ընթանում, իսկ հացը կտրոնով էր, արտագաղթ չկար։ Իսկ հիմա արտագաղթում են։ Ոգին ու հավատն է կոտրվել...» (Արամ Զ. Սարգսյան)։
Կեղծիք հրամցնելը քարոզչության լավ տարբերակ չէ, եթե թեկնածուն ձգտում է արդարության։ Որտեղի՞ց նման տեղեկություններ եւ համոզվածություն։ Ո՞վ կարող է ժխտել, որ արտագաղթի առաջին խմբերը Հայաստանից չհեռացան հենց 1988-ին, ապաՙ 1991-ին։ Իսկ 1993¬94 թթ. ընթացքում «այդ մութ, խավար ու պատերազմական ժամանակներում» շատերը լքեցին երկիրըՙ թեկուզ իրենց զավակներին պատերազմից հեռու պահելու համար։
Թեկնածուն շարունակում է իր միտքը. «Իսկ հիմա արտագաղթում են։ Ոգին ու հավատն է կոտրվել»։
Հետաքրքիր է, արդյոք թեկնածուն չի՞ մտածել երբեւէ ինչ-որ մարդկանց անկշտում ախորժակի պատճառով մութ, խավար պայմաններում մեծացած մանուկների ոգու ու հավատի մասին։ Չի՞ մտածել երբեւէ, որ այդ անլույս ու ցուրտ տարիների ծնունդ այժմյան դպրոցականն ապագայում այս երկրի ինչ-որ մի դրվագի տերն է դառնալու, եւ հաստատապես գալու են իսկական դժվարությունների ժամանակները։
Մեկ այլ թեկնածու էլ, ասենք, իր խոսքում չի մոռանում հեգնանքով խոսել ասֆալտապատումների մասինՙ «15 մետրանոց» համարելով «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ ամբողջ երկրով մեկ իրականացվող ասֆալտապատումը (Ստ. Դեմիրճյան)։ Ախր նման որակումների դեպքում ապերախտ վերաբերմունք է դրսեւորվում մեր բարեգործ հայրենակցի արածների ու տվածների նկատմամբՙ ակնհայտ սուտ տեղեկատվությամբ։ Հասկանալի է, որ «քննադատության» թիրախը բնավ էլ Քըրք Քըրքորյանը չէ, այլՙ նախընտրական պայքարում ներգրավված մեկ ուրիշ թեկնածու։
Ինչեւէ, սուտը քարոզչամիջոց չպետք է լինի, քանի որ ավելի շատ բնութագրում է սուտն օգտագործողին, քան այն սուբյեկտին, ում դեմ պայքարն իրականացվում է կեղծիքով։ Սուտը նաեւ խաբկանք է ստեղծում ընտրողների պատկերացումներում։
Փաստորեն, իրենց իսկ ասածներին ի հակադրություն, որոշ թեկնածուներ էլ ընտրությունների են գնում ստով։ Պետք է հիշեցնել պարզապես ժողովրդական մի ասացվածք. «Ստի ոտքը կարճ է»։
Այնպես որ, ավելի լավ է քարոզչության ընթացքում քննադատություն անելիս թեկնածուները ոչ թե սուտ տեղեկություններ տարածելով զբաղվեն, այլ խոսեն իրենց ծրագրային դրույթներից։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ