ՀՀ ԳԱԱ նախագահական շենքի (որտեղ տեղակայված է հանրապետության նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը) բակում երեկ մի խումբ երիտասարդներ իրենց կարմիր, կապույտ, նարնջագույն գլխարկներով ու վզնոցներով մեր եռագույնն էին կազմել։
«Բազե» հանրապետական երիտասարդական արշավի» շուրջ 180 երիտասարդներ, որոնք ներկայացնում են հանրապետության բոլոր բուհերը, հավաքվել էին շտաբումՙ ուղեւորվելու հայաստանյան մարզեր։ Նրանք կոչ են անելու մեր երկրի երիտասարդությանն ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրություններին եւ իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին։ Մեր դրոշի գույներով տարաբաժանված խմբերը, որ երեկ մեկնեցին Երեւանից, կլինենՙ առաջինը չորս, մյուս երկուսըՙ երեքական մարզերում։
Մինչեւ փետրվարի 17-ը նախատեսված նրանց արշավը կուղեկցվի նաեւ երգիչների ելույթներով։ Երիտասարդական այս ակցիան կեզրափակվի Երեւանումՙ մեծ համերգով ու հրավառությամբ, որտեղ Ռ. Քոչարյանը ելույթ կունենա երիտասարդների համար։ Վերջինս նրանց բարի երթ մաղթող խոսք էլ էր ուղղել, որում մասնավորապես նշված էր, թե նման նախաձեռնությունները խոսում են մեր երիտասարդության ինքնակազմակերպման բարձր աստիճանի մասին։
«Մեր առանձնահատուկ ուշադրությունը երիտասարդության խնդիրներին թելադրված է ապագայի հանդեպ ունեցած մեր պատասխանատվությամբ, ինչպես նաեւ հայ երիտասարդության հանդեպ ունեցած մեր անսահման հավատով», ընդգծված էր նախագահի ուղերձում։
Արշավին մասնակցող ուսանողներից մեկն էլ իր ելույթում տեսակետ հայտնեց, թե գործող նախագահի մեծ ուշադրությունը խոսում է երիտասարդության հանդեպ ունեցած նրա վստահության մասին։ «Այդ վստահությունը փոխադարձ է», հայտարարեց ուսանողուհին եւ ավելացրեց. «Մենք Քոչարյանի հետ ենք»։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ