Մամուլից հայտնի է արդեն, որ անցյալ հինգշաբթի օրվանից սկսյալ տեւական նիստեր է գումարում Հայոց համազգային շարժում կուսակցության վարչությունը կուսակցության կենտրոնական գրասենյակում։ Օրակարգի գլխավոր հարցը, բնականաբար, առաջիկա նախագահական ընտրություններն են, ՀՀՇ-ի նախընտրած թեկնածուի ճշտումը։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նախընտրելի թեկնածուի որոշման հարցում վարչության անդամներն ընդհանուր հայտարարի դեռեւս չեն եկել։ Նրանցից ոմանք, գլխավորությամբ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, անհրաժեշտ են համարում պաշտպանել նախագահական թեկնածու Ստեփան Կարենի Դեմիրճյանի թեկնածությունը, մինչդեռ վարչականների մեկ այլ խումբ պահանջում է թիկունք կանգնել Արամ Զավենի Սարգսյանին։