Քաշքշուկ, ծեծ, կրակոցներ եւ դանակահարություն Հայկ Բաբուխանյանը հիվանդանոցում
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «ՀՀ նախագահական ընտրություների մինչեւ այժմ առանց միջադեպերի եւ համեմատաբար հանդարտ ընթացքի վրա ստվեր գցեցին այսօր Արտաշատում տեղի ունեցած բռնարարքները։ Խստորեն դատապարտում եմ քարոզարշավը հայհոյակռվի, ձեռնամարտի ու բռնության վերածելու ցանկացած փորձ եւ համարում անընդունելի։
Իրավապահ մարմիններին հանձնարարված է քննել միջադեպի բոլոր հանգամանքները եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության։
Բոլոր թեկնածուներին եւ նրանց աջակիցներին կոչ եմ անում շարունակել քաղաքակիրթ պայքարը, թույլ չտալ սադրանքներ։ Մեզ պատիվ չի բերում նման արարքը, եւ մենք որեւէ մեկին չպետք է թույլ տանք արատավորել մեր ժողովրդի անունը, կասկածի տակ առնել քաղաքակիրթ, ժողովրդավար եւ հանդուրժող հասարակություն կառուցելու նրա վճռականությունը»։
Իսկ ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ երկրի նախագահը նախընտրական այս փուլում նման հայտարարությամբ է հանդես գալիս։
Ինչպես տեղեկացանք, նախընտրական քարոզչության գործընթացի Արտաշատ քաղաքում երեկվա միջադեպերն ուղղակի վտանգավոր, նաեւ հանցավոր դրսեւորումներ ունեցան։
Ընդհանուր չճշտված տեղեկությունն այն էր, որ Արտաշատում հանրապետության նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի եւ Արամ Կարապետյանի հետ հանդիպումները տապալվել են մի խումբ արտաշատցիների խուլիգանությունների պատճառով։
Ինչպես մեզ տեղեկացրեց Վազգեն Մանուկյանի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Բուտաեւը, դեպքերը, ըստ իրենց, հետեւյալ ընթացքն են ունեցել։ Երեկ, թեկնածու Վազգեն Մանուկյանը պետք է հանդիպումներ ունենար նախ Վերին Արտաշատ գյուղում, ապաՙ Արտաշատում եւ Վեդիում։ Պրն Բուտաեւի հավաստմամբ, երբ ծրագրված հանդիպումների գնացող խումբը պատրաստվել է դուրս գալ Երեւանից դեպի Վերին Արտաշատ, գյուղից զանգահարել են եւ տեղեկացրել, որ գյուղապետը ոչ մի հանդիպում գյուղում թույլ չի տա։ Զանգահարողները տեղեկացրել են նաեւ, որ գյուղում վիճակը շատ լարված է։
Այս պատճառով Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբում որոշել են Վերին Արտաշատ չգնալ եւ միանգամից ուղեւորվել են Արտաշատ։
Արդեն Արտաշատում հանրահավաքի հենց առաջին րոպեներից սկսվել են բարդություններ, վիճաբանություններ։ Վազգեն Մանուկյանի ելույթի ընթացքում ինչ-որ մարդիկ, որոնք, ըստ Բուտաեւի, քրեական տարրեր են եղել, սկսել են վիճաբանություններ, իսկ նրանց կողքին կանգնած ոստիկանության աշխատակիցները ոչինչ չեն ձեռնարկել։
Խուլիգանները հետո սկսել են վիրավորական խոսքեր ասել։ Դրան ի պատասխան ԿԸՀ անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը մոտեցել է ոստիկաններինՙ խնդրելով կարգուկանոն հաստատել։ Ոստիկանները չեն միջամտել։ Այդ ժամանակ Ալեքսանդր Բուտաեւը փորձել է կապվել Սերժ Սարգսյանի հետ։ Վերջինս չի եղել նախընտրական շտաբում, իսկ նրա օգնականը պատասխանել է, որ կարգուկանոն հաստատելն իրենց ֆունկցիան չէ։ Վազգեն Մանուկյանի լիազոր ներկայացուցիչը զանգահարել է նաեւ Արարատի մարզպետին։ Վերջինս նույնպես տեղում չի եղել, իսկ նրա օգնականը, ըստ Բուտաեւի, կոպտորեն պատասխանել է, թե չգիտի էլՙ ուր է մարզպետը։
Տեսնելով, որ վիճակը լարվում է, վիճաբանություններըՙ խորանում, Վազգեն Մանուկյանն ու իր կողմնակիցները շատ կարճ ավարտել են հանրահավաքն ու գնացել Վեդի։
Պրն Բուտաեւը մանրամասնեց, որ իր հետ մի փոքր քաշքշուկ եղել է, սակայն ծեծկռտուքի չի վերածվել։
Արտաշատում այդ օրը հանդիպում է ծրագրված եղել նաեւ նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի հետ։ Մինչ Արամ Կարապետյանը հանրահավաքի է մասնակցել Վեդիում, գրաֆիկից հետ չմնալու համար երկու մեքենա Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ գնացել են Արտաշատ քաղաք։
Ինչպես մեզ տեղեկացրեց Արամ Կարապետյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Արթուր Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը երկու մեքենաներով հասել է Արտաշատ, մոտեցել ամբոխին եւ դեռ չի հասցրել մի քանի բառ ասել, մոտ 50 հոգի հարբած եւ հավանաբար թմրադեղ օգտագործած, նաեւ զինված դանակներով, երկաթե ձողերով, հարձակվել են եկվորների վրա։
Մեր ունեցած այլ տեղեկության համաձայն, այդ պահին Հ. Բաբուխանյանը հարբած է եղել։ Սուլոցներով դիմավորվելով ներկաներից ոմանց կողմից, նա առաջին անգամ կրակել է օդ, ապա երեք անգամՙ ամբոխի գլխավերեւի ուղղությամբ։
Հարձակվողները նախ հայհոյել են, ապա սկսվել է քաշքշուկ։ Արթուր Սահակյանի հավաստմամբ, Հայկ Բաբուխանյանը (լինելով ԱԺ պատգամավոր եւ զենք կրելու օրինական իրավունք ունենալով) ինքնապաշտպանական եւ զգուշացման նպատակով է օդ կրակել, որից հետո խուլիգանները հարձակվել են Արամ Կարապետյանի նախընտրական քարոզչության ներկայացուցիչների վրա, գետին գցել ու ծեծել են Հայկ Բաբուխանյանի վարորդին, զգալի վնասվածքներ հասցնելով գլխին։ Ծեծի է ենթարկվել նաեւ ՍԻՄ ղեկավար Հրանտ Խաչատրյանի եղբայրը, ինչպես նաեւ Արտաշատում Արամ Կարապետյանի շտաբի աշխատողներից մեկը։
Հարձակվողներից մեկը դանակով կրծքավանդակի շրջանում հարվածել է Հայկ Բաբուխանյանին։
Երեկվա դրությամբ մենք տեղեկացանք, որ Հայկ Բաբուխանյանը հասցվել է Երեւանի թիվ 6 հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։ Նրան վիրահատող բժիշկ Սամվել Ամատունու ասելովՙ հիվանդի վիճակը բավարար է։
Մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ նաեւ Արարատի մարզի դատախազությունից։ Մարզի դատախազ Սուրեն Պարսամյանը հայտնեց, որ, ոչ ստույգ տվյալներով, եղել է 4 կրակոց եւ երեկոյան, 20.00-ի դրությամբ, դեռեւս ձերբակալվածներ չեն եղել։
Ավելի ուշ հրապարակվեց Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանի հայտարարությունը։ Զայրույթով եւ տագնապով դատապարտելով բռնարարքը, առողջություն եւ արագ ապաքինում մաղթելով պատգամավորին, Ա. Խաչատրյանը համոզմունք է հայտնում, որ այլեւս նման միջադեպեր չեն լինի եւ մեղավորները կպատժվեն խստությամբ։ Ա. Խաչատրյանն անձամբ երեկ գիշեր այցելեց հիվանդին թիվ 6 հիվանդանոցում։
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նույնպես հենդաս եկավ հայտարարությամբ եւ դատապարտեց տեղի ունեցածը։