Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի այցը Պռոշյան եւ Արագածոտնի մարզի գյուղեր
Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը փետրվարի 4-ին իր այցը սկսեց Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից, ուր նախ ծաղիկներ դրեց արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանին։ Մատաղացու ոչխարը մորթվեց նրա ոտքերի տակ, ու երկինք բաց թողնվեցին սպիտակ աղավնիներ։ Ս. Դեմիրճյանը դիմելով ժողովրդին ասաց. «Սիրելի ժողովուրդ, չափազանց հուզված եմ ձեր ընդունելությունից, որը շատ պարտավորեցնող է։ Ես կցանկանայի, որ ինձ տրվող քվեներն արտացոլեն ոչ միայն վստահությունն իմ անձի հանդեպ, այլեւՙ ապագայի։ Ձեր ընտրությունից է կախված մեր երկրի ճակատագիրը։ Ես հավատում եմ, որ դուք ճիշտ ընտրություն կկատարեք, եւ Պռոշյան գյուղը կդարձնենք օրինակելի գյուղ, ինչպես կար առաջներումՙ 3000 տոննա խաղող էր տալիս, 500¬600 տոննա պտուղ էր տալիս եւ կային ձեռնարկություններ»։
Ստեփան Դեմիրճյանին ուղեկցում էին ԱԺ պատգամավորներ Արշակ Սադոյանը, Էմմա Խուդաբաշյանը, Գրիգոր Հարությունյանը, Արամայիս Բարսեղյանը, Էդմոն Ծատուրյանը, ԱԺԴ կուսակցության վարչության անդամ Վարդան Գրիգորյանը եւ ուրիշներ։
Աշտարակում նույնպես Ս. Դեմիրճյանին դիմավորեցին դհոլ-զուռնայով եւ մատաղացու գառով։ Թեպետ Կարպի գյուղը ծրագրված չէր հանդիպման համար, ստիպված եղան մտնել Կարպի, բնակիչների պահանջով, որոնք ճամփաբաժնին սեղաններ բացած ու մատաղացու գառով սպասում էին նախագահի թեկնածուին։ 1,5 ժամ անձրեւի տակ ուշադիր լսում էին ու բազմաթիվ հարցերով ու հարցապնդումներով դիմում Ստեփան Դեմիրճյանին, որն էլ իր ելույթի ավարտին նշեց, որ ընտրվելուց հետո կատարելագործելու է պետական կառավարման համակարգը, որը կդառնա մնայուն նվաճում ու երկրի զարգացման երաշխիք։
Հաջորդ գյուղըՙ Օհանավանը, Ստեփան Դեմիրճյանին, բացի աղ ու հացից, դհոլ-զուռնայից ու գառից, մի քանի մատուցարան խնձորներ թափեց նրա ոտքերի տակ։ Օհանավանի միջնակարգ դպրոցի ուսմասվար Վարդգես Մկրտչյանն իր համագյուղացիների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց թեկնածուին այցի համար, իսկ նրա հորՙ Կարեն Դեմիրճյանի հասցեին խորին երախտագիտությունՙ Օհանավանում խնձորի այգիներ հիմնելու համար։ Շատ շուտով Օհանավանի Սուրբ Կարապետ եկեղեցու եւ Սուրբ խաչքարին հարող տարածքը կանվանվի Կարեն Դեմիրճյանի անվամբ, եւ կենտրոնում կտեղադրվի նրա արձանը։
Բյուրականցիներին ձյունը չէր վախեցնում, ու նրանք էլ սպասում էին նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանին։ Ուջանում, Ոսկեվազում եւ մի քանի հարակից գյուղերում ջերմ ընդունելությունները շարունակվում էին։ Ընտրարշավի վերջին հանգրվանը Օշականն էր։ Ս. Դեմիրճյանը եւ ուղեկցողները նախ ծաղկեպսակ դրեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, մոմ վառեցին եկեղեցում, իսկ Օշական գյուղի կենտրոնում մի հոծ բազմության առջեւ ներկայացրին ծրագրերը, պատասխանեցին հարցերին։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ