Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Ռուսաստանյան Դաշնության արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իլյա Կլեբանովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել մասնակցելու հանձնաժողովի հերթական նիստին։
Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի նախագահիՙ վերջերս Ռուսաստանյան Դաշնություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերած պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել վառելիքաէներգետիկ համալիրի խնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին։
Իլյա Կլեբանովի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ ՌԴ սպորտի պետական կոմիտեի նախագահ Վյաչեսլավ Ֆետիսովը։ Արտահայտելով ռուսական կողմի շահագրգռությունը համատեղ սպորտային ծրագրերի իրականացման գործում, պարոն Ֆետիսովն ասել է, որ մտադիր է այցելել Ծաղկաձորի սպորտային համալիր, տեղում ծանոթանալ իրավիճակին եւ քննարկել համագործակցության հնարավորությունները։