ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի 2004 թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում կոչ է արվում Հայաստանին հատկացնել 49,5 մլն դոլար սովորական օգնությունՙ զգալիորեն պակաս նախորդ տարի նախագահի առաջարկած 70, բայց Կոնգրեսի կողմից հաստատված եւ տրամադրված 90,2 մլն դոլար օգնության չափից։
Ինչպես հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը, Ադրբեջանին հատկացվելիք գումարը համեմատական կարգով շատ ավելի քիչ է նվազեցվել. նախագծով նախատեսվում է 2004 թ.-ին Ադրբեջանին տրամադրել 41,5 մլն դոլարՙ նախորդ տարվա 46 մլն-ի փոխարեն։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վերջինիս ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը մտադիր է ցուցաբերել 75 մլն դոլարի աջակցություն։
Բուշի վարչակազմի 2004 թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում կոչ է արվում նաեւ, 2003-ի համեմատությամբ, էապես կրճատել Ադրբեջանին եւ Հայաստանին տրամադրվող ռազմական օժանդակությունըՙ պահպանելով համամասնությունը։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ԱՄՆ-ի հայ համայնքի անունից տարակուսանք է հայտնել հիշյալ նախաձեռնության առիթով եւ նշել, որ Կոնգրեսի հայամետ կոնգրեսականների համատեղ ջանքերով իրենք ամեն ինչ կանեն օգնության չափը համապատասխանեցնելու անվտանգության, տնտեսության եւ տարածաշրջանային զարգացման հարցերում ԱՄՆ-Հայաստան համագործակցության գոյություն ունեցող ծավալներին։