ՄԱԿ-ի տեսուչներն Իրաքում զանգվածային բնաջնջման զենքեր դեռեւս չեն հայտնաբերել, մինչդեռ Էդ. Շեւարդնաձեն պնդում էՙ Բաղդադն ունի կենսաբանական եւ քիմիական զենք
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«Նման վարչակարգը պետք է պատժվի։ Վարչակարգը, ոչ թե ժողովուրդը, անշուշտ։ Մենք ունենք արժանահավատ տեղեկություններ, որ Իրաքն ունի կենսաբանական եւ քիմիական զենք։ Իրաքն աշխատում է միջուկային զենք արտադրելու ուղղությամբ, ինչը կարող է ուղղվել տարածաշրջանի ցանկացած երկրի, այդ թվումՙ Իսրայելի դեմ», Վրաստանի նախագահի այս հայտարարությունը Թբիլիսիում ընդունվեց զարմանքով։ Էդուարդ Շեւարդնաձեն չի նշել իր տեղեկատվության աղբյուրը։ Նախագահի այս սենսացիոն հայտարարությունը առավել զարմանալի է թվում այն առումով, որ ՄԱԿ-ի տեսուչները Իրաքում զանգվածային բնաջնջման զենքեր, փաստորեն, դեռեւս չեն հայտնաբերել։
Ինչպես գրել էինք «Ազգի» երեկվա համարում, Էդ. Շեւարդնաձեն դատափետել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ Աբխազիայի վերաբերյալ հերթական բանաձեւն ընդունել է առանց քննարկմանՙ հիմք ընդունելով Կոֆի Անանի զեկույցը։ Անվտանգության խորհրդի նիստում արգելել են ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Ռ. Ադամիային ելույթ ունենալ։ Չպիտի բացառել, որ եթե ԱԽ-ն Ադամիային թույլ տար ելույթ ունենալ, ապա Շեւարդնաձեն հավանաբար չանդրադառնար Իրաքի թեմային, հատկապես նման «բացահայտումներով»։
Իրաքը Թբիլիսիում չունի դեսպանատուն, փոխարենն ունի Իսրայելը։ Այնպես որ, հայ ընթերցողին ծանոթ տիկինըՙ դեսպան Ռիվկա Կոհենը Էդուարդ Շեւարդնաձեին երախտագիտություն հայտնելու բացառիկ հնարավորություն ունիՙ Իրաքի կողմից Իսրայելին ռմբահարելու հավանականության մասին հրեա ժողովրդին իրազեկելու համար։ Պարզվում է, որ հակասադդամյան պատերազմին Վրաստանի այս կամ այն ձեւով մասնակցությունը Վրաստանի անվտանգությանը սպառնալիք չէ։ «Դժվար թե Իրաքի օդանավերը կտրեն Թուրքիայի տարածքը, որպեսզի Վրաստանի համար ստեղծեն տհաճություններ», կիրակի օրը հայտարարեց պաշտպանության նախարար Դ. Թեւզաձեն։
Իրաքի թեման այս օրերին Վրաստանի քաղաքական շրջանակներում, լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է։ Պաշտոնական Թբիլիսին ցանկություն ունի առավել խորացնել համագործակցությունը Թուրքիայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ ընդհանրապես, եւ այս առումով ավելի պատեհ առիթ, քան Իրաքի դեմ ամերիկյան պատերազմն է, ինչը, թվում է անխուսափելի եւ միայն ժամանակի խնդիր է, դժվար է պատկերացնել։ Անշուշտ, խոսքը հակասադդամյան պատերազմին վրացական բանակի ուղղակի մասնակցությանը չի վերաբերում, այլ, անհրաժեշտության դեպքում, երկրի տարածքում առկա երեք ռազմակայաններըՙ Վազիանիի, Շիրակի, Մառնեուլի, ամերիկյան օդուժին տրամադրելուն։
Վազիանին մայրաքաղաքի շրջանում է։ Ռուսների հեռանալուց հետո վերանորոգել են թուրքերը։ Թուրքիան է վերանորոգել նաեւ Մառնեուլի օդանավակայանը, որը Հայաստանի հյուսիսային սահմանից 40 կմ է հեռու։ Երրորդ ՙ Շիրակի օդանավակայանը գտնվում է Կախեթում եւ փորձագետների կարծիքով ամենահարմարն է ծանր օդանավերի վայրէջքի առումով։
Ռուսաստանի հետ ստեղծված բարդ հարաբերությունների ենթատեքստում Վրաստանն անընդհատ զգում է ԱՄՆ-ի, Թուրքիայի, ՆԱՏՕ-ի աջակցությունը։ Հակասադդամյան անխուսափելի թվացող պատերազմում Վրաստանի մասնակցության ձեւի մասին տարբեր կարծիքներ են արտահայտվում։ Բայց այս դեպքում կարեւորը ոչ այնքան մասնակցության ձեւն է, որքան հակասադդամյան պատերազմում Վաշինգտոնի կողքին լինելը։
Էդուարդ Շեւարդնաձեն արդեն հայտարարել է, որ պաշտպանում է Իրաքի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ծրագիրը։