Փետրվարի 3-ին Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանի մամլո ասուլիսը։
Շուտով մեկ տարի կլինի, ինչ ԼՂՀ-ում գործում է նոր դատական համակարգ։ Արցախում իրականացված դատաիրավական բարեփոխումների արդյունքում, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, գործում է երկաստիճան դատական համակարգ։ Եթե առաջին ատյանի դատարանն ինքնուրույն ատյան է, որտեղ քննվում են ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործեր, ապա գերագույն դատարանի իրավասության մեջ են մտնում վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների գործառույթները։
Ներկայացնելով վերաքննիչ ատյանի 2002 թ. աշխատանքը, Վ. Հովսեփյանը լրագրողներին իրազեկեց, որ տվյալ ժամանակահատվածում վերաքննության կարգով բողոքարկվել է 89 քաղաքացիական գործ կամ առաջին ատյանի դատարանի կողմից քննված գործերի 9.2%-ը։ Դրանցից 8-ը օրինական հիմքերով թողնվել են առանց քննարկման, երեքով վարույթը կարճվել է հայցից հրաժարվելու, հաշտության համաձայնություն կնքելու հիմքերով, 74 գործերով կայացվել են վճիռներ, իսկ 4 գործ գտնվում է մնացորդում։
Նույն ժամանակահատվածում վերաքննության կարգով բողոքարկվել է 31 քրեական գործ կամ առաջին ատյանի դատարանի քննած գործերի 9.5%-ը։ Բողոքարկված 25 գործով կայացվել են դատավճիռներ, 4-ըՙ տարբեր հիմնավորումներով վերադարձվել առանց քննարկման, 1-ը կարճվել է, իսկ 1 գործ էլ մնացել է մնացորդում։
Վ. Հովսեփյանի պարզաբանմամբ, դատավճիռների բեկանման եւ գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու պատճառն այն է, որ նախաքննության մարմնի կողմից թույլ էր տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը հնարավոր չէր վերացնել դատաքննության ընթացքում, սակայն դատարանն անտեսելով այդՙ կայացրել էր մեղադրական դատավճիռ։ Որոշ դեպքերում էլ դատարանը պատիժ նշանակելիս հաշվի չէր առել հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, մեղավորի անձնավորությունը, մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանքները, որի արդյունքում կիրառվել էր արարքին անհամաչափ խիստ, կամ էլ տվյալ հոդվածի սանկցիայով չնախատեսված այլ պատիժ։
2002 թ. ԳԴ-ում ստացվել է 20 վճռաբեկ բողոք, որոնցից մեկի վարույթը կարճվել է, 2-ըՙ հետ պահանջելու պատճառով չի քննարկվել, իսկ 3 բողոքներ ստացվել են տարեվերջին ու տեղափոխվել 2003 թ. վարույթ։ Մյուս 14 վճռաբեկ բողոքներով գործերը քննարկվել են ըստ էությանՙ թողնվելով առանց փոփոխության։ Բացի նշվածից, գերագույն դատարանում գրանցված փաստաբանի կողմից բերվել են երկու վճռաբեկ բողոքներ, որոնցից մեկը հետ է պահանջվել, մյուսը թողնվել առանց բավարարման։
Վ. Հովսեփյանը պատասխանեց նաեւ լրագրողների տված հարցերին։
«Ազգի» թղթակցի հարցը վերաբերում էր սանկցիայի իրավունքին։ Առ այսօր ԼՂՀ-ում այս իրավունքը վերապահված է դատախազությանը, եւ 2004 թ. հունվարից նոր միայն վերոհիշյալ գործառույթները կփոխանցվեն դատարանին։ Պատրա՞ստ է դատարանը դրան։ Կալանավորման եւ խուզարկության սանկցիայի իրավունքը դատական մարմինների իրավասությանն հանձնելը համարելով քաղաքակիրթ ձեւ, ԳԴ նախագահը նշեց, որ գալիք տարում իրենց իրավասության տակ առնելով նոր գործառույթըՙ իրենք անպայման կձգտեն ապահովել օրինականությունն ու արդարությունն այս գործում։
«Ազգի» թղթակցի հաջորդ հարցը հետեւյալն էրՙ ԳԴ նախագահին (նաեւ այլ ոլորտների ղեկավարներին) նոր օրենքով օրենսդրական նախաձեռնության իրավունքից զրկելը չի՞ սահմանափակում նրա իրավունքները համապատասխան օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկելու խնդրում։ Վ. Հովսեփյանը նշեց, որ անցյալ տարվա ընթացքում իրենք մի քանի առաջարկություններ են ներկայացրել իրավասու կառույցներին, որոնց միջոցով դրանք քննարկվել են խորհրդարանում եւ ընդունվել։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ