Ոգեւորվելով ՀԲԸ Միության Ֆրանսիայի շրջանակի, մասնավորապեսՙ ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչության ժողովի եւ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Լեւոն Քեբաբջյանի Արցախում արդեն 3 տարի իրականացվող համանման ծրագրի հաջողությունից, ՀԲԸ Միության այս անգամ Լոնդոնի շրջանակը (Լոնդոն թրաստ), գլխավորությամբ ազգային բարերար Ջորջ Քյուրքճյանի, վերջերս ձեռնարկել է «Մեկ կով, մեկ հորթ եւ երկու տոննա խոտ» ծրագիրը Շիրակի գյուղերում։ Խիստ գործնական եւ արդյունավետ մի ծրագիր, որը, կարծում ենք, հաջողությամբ կարելի է իրականացնել նաեւ մեր մյուս գյուղերում, հատկապես սահմանամերձ շրջաններում։
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լոնդոն թրաստի կովերի ծրագրի նպատակն է Շիրակի մարզի գյուղերում սոցիալապես անապահով խավերին ներգրավել անասնապահական գործունեության մեջՙ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելով մեկ կով, մեկ հորթ եւ առաջին ձմեռվա համար 2 տոննա խոտ։
Նախապատրաստական փուլում ծրագիրը քննարկվել է Շիրակի մարզպետ պարոն Ֆելիքս Փիրումյանի հետ, որը մեծապես կարեւորել եւ ողջունել է այն եւ հանձնարարել մարզպետարանի սոցիալական ծառայությունների բաժնին, աշխատակազմի ղեկավարին եւ իր տեղակալինՙ պատրաստել Շիրակի մարզում սոցիալապես առավել անապահով ընտանիքների ցուցակըՙ ծրագրի շահառուներին ընտրելու համար։
Ըստ նախնական հաշվարկներիՙ ընդհանուր 15.500 ԱՄՆ դոլար նվիրաբերությամբ կովերի ծրագրում կարելի էր ընդգրկել 30 ընտանիք։ Այս ծրագիրը ուղղված է աջակցելու այրիներին եւ բազմազավակ ընտանիքներին, հատկապես անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Շահառուների ընտրությունը կատարվել էՙ առաջնորդվելով հետեւյալ չափանիշներով։ Առաջին հերթին նախապատվությունը տրվել է ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ապա այրիներին, միայնակ մայրերին եւ բազմազավակ մայրերին, որոնց ամուսինները տարբեր պատճառներով ընտանիքի հետ չեն։ Մի քանի բացառություններ են արվել հիվանդ կամ հաշմանդամ հոր խնամքի տակ գտնվող բազմազավակ ընտանիքների համար։
Բացի այդ, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հանձնարարել է Շիրակի մարզի քահանաներինՙ ներկայացնել իրենց գյուղերի առավել անապահով ընտանիքների ցուցակը։
Միաժամանակ, Շիրակի մարզպետի հանձնարարությամբ, մարզի համեմատաբար ավելի աղքատ եւ անապահով գյուղերի գյուղապետները առաջարկել են իրենց ցուցակները։
Շիրակի մարզպետարանի, Շիրակի թեմի առաջնորդարանի եւ գյուղապետների կողմից ներկայացված այս երեք առանձին ցուցակներից, որտեղ ընդանուր առմամբ ընդգրկվել էին ավելի քան 130 ընտանիք, ընտրվել են ծրագրի վերջնական 30 շահառուներըՙ հաշվի առնելով հետեւյալ չափանիշները.
1. ընտանեկան վիճակը (զոհված ազատամարտիկի ընտանիք, այրի, միայնակ մայր)
2. ընտանիքի անդամների թիվը եւ անչափահաս երեխաների թիվը
3. ընտանիքը կով կամ հորթ ունի՞, թե՞ ոչ
4. ընտանիքը գոմ կամ անասուն պահելու պայմաններ ունի՞, թե՞ ոչ
Այս ծրագրի համար գնվել են լավագույն կովերը եւ հորթերը Ամասիայի շրջանից, որը համարվում է Հայաստանի լավագույն անասնապահական շրջանը։ Կովերը բաժանվել են ընտանիքներինՙ համաձայն ընտանիքների հետ կնքած պայմանագրում նշված պայմանների։ Յուրաքանչյուր ընտանիքի տրվել է մեկ բարձր կաթնատվությամբ երիտասարդ կով, մեկ այս տարվա հորթ եւ առաջին ձմեռվա համար 2 տոննա խոտ։ Բացի այդ, յուրաքանչյուր կով հղի է եւ այս գարուն ծնելու է։ Համաձայն պայմանագրիՙ ընտանիքը իրավունք չունի առաջին 18 ամիսների ընթացքում մորթել կամ վաճառել անասունը։ Սա համարվել է այն ամենաօպտիմալ ժամանակահատվածը, որի ընթացքում ընտանիքը գնահատում է անասնապահությունից ստացած օգուտը։
Ընտրված ընթացակարգը նման ծրագրերի համար կարելի է համարել առավել արդյունավետՙ լավագույն արդյունք ստանալու համար։
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր կթան կովից ստացած օրական եկամուտը, կաթնամթերքի տեսքով, կազմում է մոտավորապես 1000 դրամ։ Կաթնամթերքի մի մասը սպառում է ընտանիքը, իսկ մյուս մասը շահառուն կարող է վաճառել։ Բացի այդ, մեկ-երկու տարի հետո կովերի հետ բաժանած հորթերը նույնպես եկամտի աղբյուր կդառնան։ Ավելին, գարնանը նոր ծնված հորթուկները մի քանի տարի հետո կհամալրեն ընտանիքի եկամտի աղբյուրը։ Եթե նույնիսկ ծնվածը որձ լինի, ընտանիքը կարող է փոխանակել էգի հետ կամ վաճառել մսի տեսքով։
Կովերին պահելու հետ կապված ծախսերը ամռան ամիսների ընթացքում նվազագույն գումար են կազմում, քանի որ գյուղացիները կովերին արածեցնում են մարգագետիններում։ Ձմռան ամիսների համար ծախսերը կապված են մասնավորապես խոտհարքի եւ խոտը տեղափոխելու աշխատանքների հետ։ Մարզպետարանը գյուղապետների միջոցով պարտավորվում է հոգ տանել անասունների պատվաստման եւ այլ անասնաբուժական հարցերի վերաբերյալ։
Գյուղացիները եւ գյուղապետները մեծ ոգեւորությամբ ողջունեցին ընտանիքներին տեղում կովի, հորթի եւ խոտի բաշխման ծրագրի իրականացումը։ Ցողամարգ գյուղի գյուղապետը, որի ոգեւորությունը չէր զիջում շահառուների ոգեւորությանը, նշեց, որ երկրաշարժից հետո այս ծրագիրը իրենց գյուղին ցուցաբերած մարդասիրական օգնության եւ ուշադրության եզակի օրինակներից է։ Նա հատկապես կարեւորեց այս ծրագրում առավել կարիքավոր ընտանիքներին ընդգրկելու փաստը։
Ծրագրում ընդգրկվել են նաեւ այնպիսի ընտանիքներ, որոնք չունեն գոմ կամ անասուն պահելու հնարավորություն։ Սկզբնական շրջանում, մինչ գյուղապետների աջակցությամբ սեփական գոմ կառուցելը, անասունները կպահվեն հարազատների կամ բարեկամների գոմերում։ Սա հնարավորություն կտա ավելի ջերմ եւ մոտիկ հարաբերություններ վերահաստատել հատկապես այն ընտանիքների միջեւ, որոնք ինչ-ինչ ընտանեկան պատճառներով վաղուց գժտվել էին։ Բաշխման ընթացքում եղել են այսպիսի տարբեր օրինակներ։
Դեկտեմբերի 7-ի կապակցությամբ Հայաստան էր այցելել ՀԲԸՄ Լոնդոն թրաստի ատենապետ պարոն Ջորջ Քյուրքճյանն իր տիկնոջՙ տիկին Դիանայի հետ, եւ ներկա գտնվեցին բաշխման գործընթացին։ Նրանք ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն պարոն Աշոտ Ղազարյանի հետ հանդիպեցին Շիրակի մարզպետ պարոն Ֆելիքս Փիրումյանին։ Պարոն Փիրումյանը իր ոգեւորությունը եւ շնորհակալությունը հայտնեց ծրագրի իրականացման կապակցությամբ։ Այս փոքր ծրագիրը, որը նախատեսված է կարիքավոր ընտանիքների համար, առանձնահատուկ կարեւորություն ունի մարզի սոցիալական կյանքում։ Պարոն Փիրումյանը իր երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ Լոնդոն թրաստին եւ մասնավորապես նախագահ Ջորջ Քյուրքճյանին, որին, բացի այս ծրագրից, Շիրակի մարզում ճանաչում են երկրաշարժից հետո եկեղեցուն, Բայրոնի անվան դպրոցին, հաշմանդամ երեխաներին ցուցաբերած իր մարդասիրական գործունեության շնորհիվ։
ՀԲԸՄիության Երեւանի գրասենյակ