Ինչպես տեղեկացանք «Հայկական միջազգային ավիաուղիներից», 2003 թ. հունվարի 27-ից «Սաբենա Թեքնիքս» ընկերության մասնագետների օժանդակությամբ իրականացվում է ընկերության ինժեներատեխնիկական անձնակազմի դասընթաց։ Այս ուսումնական ծրագիրը հնարավորություն կտա ունենալ սեփական լիցենզավորված, միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության բարձր մակարդակ ապահովող տեխնիկական անձնակազմ։ Ինժեներատեխնիկական անձնակազմի դասընթացի այս փուլում «Սաբենա Թեքնիքսի» հրահանգիչները հայ ինժեներներին ծանոթացնում են A 320-ի էլեկտրոնային համակարգին, օդանավի հիմնակմախքի եւ շարժիչի յուրահատկություններին։ Հայ մասնագետները 16-ն են։ Մի մասը «Հայկական միջազգային ավիաուղիների» աշխատակիցներ են, մյուսներն ընդգրկվել են ծրագրումՙ հետագայում ընկերությունում աշխատելու համար։ Այս դասընթացի ավարտից հետո քննությունները հաջող հանձնելու դեպքում նրանք լիցենզիա կստանան A 320 տիպի օդանավի տեխսպասարկումն իրականացնելու համար։ Ինչպես նշեց ավիաընկերության տնօրեն Վերսանդ Հակոբյանը, մինչ այժմ Հայաստանում գործող միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավերի ուղեւորների եւ տեխնիկական սպասարկման իրականացման համար Հայաստանը չուներ անձնակազմՙ համապատասխան գիտելիքներով եւ իրավունքով, հրավիրվում էին մասնագետներ արտասահմանից։ Դա բավականին թանկ էր արժենում եւ սահմանափակում էր զարգացման հնարավորությունը։
«Հայկական միջազգային ավիաուղիները» նախատեսում է արդեն մոտ ապագայում ձեռք բերել եւս երկու A 320 տիպի օդանավ, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվի Երեւանից իրականացվող չվերթների մեծ մասը կատարել միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավերով։