Երեւանի «Արմենիա» հյուրանոցում հունվարի 25-ին «Բրիտիշ էրուեյզի» անմիջական աջակցությամբ անցկացված բըռնսյան ավանդական 5-րդ ընթրիքի ընթացքում հանգանակվել է 13.366 դոլար, որին գումարվել է հատուկ «Ուրախ ժպիտներ» ծրագրի համար բրիտանական ավիաընկերությանը տրամադրված 1050 ֆունտ ստեռլինգը։ Այս մասին է հաղորդում ավիաընկերությունից ստացված հաղորդագրությունը, որը նշում է, թե դեպի Հյուսիսային Ամերիկա «Բրիտիշ էրուեյզի» տրամադրած երկու տոմսերը 4 հազար դոլար են բերել, որին ավելացել են Թուֆենկյան հաստատության նվիրած գորգը (որը երկու անգամ է աճուրդի դրվել), բրիտանական դեսպանատան նվիրած ոսկե մետաղադրամը եւ HSBC բանկի նվիրած DVD նվագարկիչը։ Մեկշաբաթյա ժամկետով իր Իտալիայի տունը տրամադրելու իտալացի դեսպանի առաջարկը լրացուցիչ 1.700 դոլար է ավելացրել հանգանակված գումարին։
Ինչպես արդեն հաղորդել ենք, «Վորլդ վիժն» կազմակերպության մշակած «Ուրախ ժպիտներ» ծրագիրը հոգալու է «նապաստակի շրթունքներ» ունեցող երեխաների վիրահատության ծախսերըՙ «Ցավ առանց սահմանի» միջազգային կազմակերպության բժիշկների աջակցությամբ։
Մեծ թվով պաշտոնական անձանց, այդ թվում արտասահմանցի դեսպանների ներկայությամբ անցկացված ընթրիքի ժամանակ ավանդական «հագգիսը» հյուրասիրվեց շոտլանդական վիսկիի ու անզուգական բանաստեղծ Ռոբերտ Բըռնսի ստեղծագործությունների արտասանությունների ընկերակցությամբ։
«Ուրախ ժպիտներ» ծրագիրը մեր սրտին շատ մոտ է։ Նույն նպատակի համար «Բրիտիշ էրուեյզը» ծննդյան տոների առթիվ Երեւանի Սբ. Զորավոր եկեղեցում անցկացված միջոցառումանը 550 դոլար է հանգանակել», ասել է ավիաընկերության առեւտրական բաժնի տնօրեն Ջեմի էլ Մուրը։
«Բրիտիշ էրուեյզը» Հայաստանում իրականացնում է շաբաթական երեք թռիչք Երեւանից Լոնդոնՙ երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին, եւ Լոնդոնից Երեւանՙ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերինՙ օգտագործելով «Էյրբաս» «A 320» եւ «A 321» տիպի օդանավեր։