«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2003-02-04 | #21, 2003-02-05 | #22, 2003-02-06


«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿ ԿԱՐՈՂ Է ԾԱՌԱՅԵԼ ԱՊՀ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Ս. Ֆյոդորովի անվան մրցանակՙ Ռ. Քոչարյանին

«Ես երջանիկ եմ, որ իմ ամուսնու անվան մրցանակ է շնորհվում Ձեզ, քանզի նրա համար Հայաստանը երկրորդ հայրենիք էր։ Մանկության չորս տարիները նա անցկացրել էր Ծաղկաձորում եւ ամբողջ կյանքում ձեր երկիրը մեծ ջերմությամբ էր հիշում», երեկ ՀՀ նախագահի նստավայրում ասաց ռուս հայտնի գիտնական, ակնաբույժ Սվյատոսլավ Ֆյոդորովի այրինՙ Ռոբերտ Քոչարյանին նրա անվան պատվավոր մրցանակ հանձնելու արարողության ժամանակ։

Մրցանակը մեր երկրի նախագահին հանձնելու համար երեկ առավոտյան Երեւան ժամանեց Ս. Ֆյոդորովի անվան մրցանակների շնորհման հանձնաժողովի, «Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարում» կուսակցության նախագահ, «Ռուսաստան» շարժման փոխնախագահ Լեւոն Չախմախչյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես օդանավակայանում եւ այնուհետեւ էլ մրցանակի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ պարզաբանեց պրն Չախմախչյանը, Ռոբերտ Քոչարյանին մրցանակը շնորհվում է բոլորովին նորՙ «Միջազգային գործունեություն» անվանակարգով։ Մինչեւ անցյալ տարվա դեկտեմբեր Ֆյոդորովի անվան մրցանակը տրվում էր Ռուսաստանիՙ քաղաքական, գործարարական, մշակութային, մարզական եւ այլ ոլորտների ներկայացուցիչների։

«Բայց հաշվի առնելով հարեւան երկրների հարաբերությունների սերտացման միտումը, որոշեցինք սահմանել նաեւ միջազգային անվանակարգ»։ Վերջինիս առաջին մրցանակակիրը դառնալու պատվին Ռ. Քոչարյանն արժանացել է հանուն հայ-ռուսական փոխգործակցության ներդրած իր ջանքերի։

«Ինձ համար շատ էական է, որ Ս. Ֆյոդորովի անվան մրցանակին եմ արժանանում հենց միջազգային գործունեության համար, քանզի, նախ, վերջինս յուրաքանչյուր նախագահի աշխատանքի ամենակարեւոր հատվածներից է։ Բայց նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության մեջ խիստ ծանրակշիռ տեղ են զբաղեցնում», ասաց Ռ. Քոչարյանը։

Պատվիրակության կազմում Երեւան ժամանած շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, Ս. Ֆյոդորովի անվան մրցանակակիր Անատոլի Կարպովն էլ, ՀՀ նախագահին շնորհավորելով, շեշտեց, թե այդ մրցանակը բացառապես հումանիստական էՙ առանց քաղաքական որեւէ ենթատեքստի։

«Ռոբերտ Քոչարյանն արժանացավ այս մրցանակին, քանզի նրա ամենագործուն մասնակցությամբ իսկապես որակական նոր աստիճանի են բարձրացել հայ-ռուսական հարաբերությունները», ասաց Կարպովը։

Լեւոն Չախմախչյանի գլխավորած պատվիրակությունը Ռոբերտ Քոչարյանի համար մի հուշամեդալ էր բերել։ Երեկ մեր նախագահին հանձնվեց նաեւ Ռուսաստանի բանասիրության ակադեմիայի սահմանածՙ Պուշկինի ծննդյան 200-ամյակին նվիրված հուշամեդալ, ինչպես հյուրերը մեկնաբանեցին, ռուսաց լեզվի հանդեպ ունեցած նրա սիրո համար։

«Թե՛ մրցանակը, թե՛ հուշամեդալը պարտավորեցնում են համապատասխան վերաբերմունքի դեպի հայ-ռուսական հարաբերությունները, ռուսաց լեզուն», նշեց Քոչարյանը։

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4