«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2003-02-04 | #21, 2003-02-05 | #22, 2003-02-06


«ԹՈՂ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՅԺՄ ԲԱՔՎՈՒՄ ՑՈՒՅՑ ՏԱ ԹԵԿՈՒԶ ՄԵԿ ՀԱՅԻ»

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության (OPT) «Օդնակո» («Սակայն») հաղորդաշարը փետրվարի 4-ին, ուշ երեկոյան տեղեկացրեց, որ Ադրբեջանի դատախազությունը դատական գործ է հարուցել նախկին ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի դեմՙ 1990թ.-ին Բաքու զորք մտցնելու համար։ Դատախազության այդ քայլը հավանության է արժանացել եւ պաշտպանություն գտել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի կողմից։

Սակայն, հաղորդավարն անմիջապես պարզաբանեց, որ Բաքու զորք է մտցվել ոչ թե «անմեղ» ադրբեջանցիների «մարդկային իրավունքը» ոտնահարելու համար, ինչպես գտնում են Ադրբեջանում, այլ պաշտպանելու, փրկելու հայերին գազազած ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերից, որոնք անվանվել են նաեւ հայերի նոր ցեղասպանություն։ «Մինչ այդ երեք միլիոնանոց Բաքվի բնակչության մոտ 1/3-ը հայեր էին, իսկ հիմա թող Հեյդար Ալիեւը Բաքվում ցույց տա թեկուզ մեկ հայի», -ասաց հաղորդման հեղինակը։

Հաղորդման ընթացքում ցուցադրվեց կոմունիստական տարիների Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիեւիՙ լենինյան դարաշրջանը եւ Լ. Բրեժնեւին փառաբանող բոցաշունչ ելույթից մի հատված, երբ Լեոնիդ Իլիչը եկել էր Բաքուՙ հերթական անգամ շքանշան հանձնելու «լայնորեն քայլող Ադրբեջանին»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4