ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ը կավարտվեն Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնի վերակառուցման աշխատանքները։ Երեւանի քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետ Աշոտ Սարգսյանի խոսքերով, դրանք կսկսվեն հայտարարված մրցույթից հետոՙ մարտ ամսին։ Ֆինանսական կողմը կապահովվի Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աջակցությամբ. յուրաքանչյուր թաղապետարան իր բյուջեից կհատկացնի որոշակի գումար։ Վարչության պետի խոսքերով, Պանթեոնի վերակառուցումը եւ պատշաճ տեսքի բերելը պարզապես անհրաժեշտություն է, որը բխում է մտավորականության եւ հասարակության պահանջներից։ «Մեր պարտքն է ունենալ բարեկարգված Պանթեոն, որը մեծ դաստիարակչական նշանակություն կունենա մեր երիտասարդության եւ ապագա սերունդների համար»,-ասաց նա։