Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Բադիկյանի «Ուսումնական դարձվածաբանական բառարան» աշխատությունը, որ 2002 թ. տպագրել է Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունըՙ տպագրական 46,25 մամուլ ծավալով (736 էջ) լուրջ ներդրում է լեզվաբանական, բառարանագրական գրականության մեջ։ Այդ ստվարածավալ աշխատության մեջ ընդգրկված են ժամանակակից հայերենի առավել կիրառական մոտ 6 հազար դարձվածային միավորներ, այդ թվումՙ նաեւ դարձվածային նորաբանություններ։
Աշխատությունը ստեղծելիսՙ Խ. Բադիկյանն օգտագործել է աղբյուրագիտական հարուստ գրականություն։ Դարձվածային միավորների զգալի մասը նա քաղել է Ա. Սուքիասյանի եւ Ս. Գալստյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան», «Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարան», Ա. Պապոյանի «Պարույր Սեւակի չափածոյի բառարան», Ստ. Մալխասյանցի քառահատոր «Հայերեն բացատրական բառարան», Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի քառահատոր «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան», ակադեմիկոս Էդ. Աղայանի երկհատոր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքերից։
Հեղինակն աշխատության մեջ օգտագործել է նաեւ հարյուրից ավելի դասական ու ժամանակակից գրողների, գիտնականների, հրապարակախոսների գրական-գեղարվեստական, գիտական, հրապարակագրային երկերում, ռադիոհեռուստահաղորդումներում սփռված, արտահայտված մեծաթիվ դարձվածային միավորներ։ Դարձվածային միավորներ է վերցրել նաեւ խորհրդային շրջանի եւ արդի թերթերից, ամսագրերից, դասագրքերից, թարգմանական գրականությունից։
Այսպիսովՙ աղբյուրագիտական չափազանց հարուստ գրականության օգտագործումը պարզորոշ վկայում է Խ. Բադիկյանի ջանասեր եւ պրպտուն, երկարամյա աշխատանքի մասին։ Այդ պատճառով էլ նրա «Ուսումնական դարձվածաբանական բառարան» աշխատությունը լայնընդգրկուն է, հարուստ ու բովանդակալից։ Նրանում դարձվածային միավորների համակարգը ներկայացված է նոր, ավելի ամբողջական տեսքով։
Խ. Բադիկյանը դարձվածային միավորներն առաջին անգամ ներկայացնում է լեզվաբանական, գիտական ժամանակագրված մակարդակով. այսինքնՙ աշխատության մեջ պարզորոշ ցույց են տրված գոյականական, ածականական, բայական, մակբայական, վերաբերական դարձվածային միավորները, դրանց անվանողական եւ հաղորդակցական արժեքները։ Տարբերակումները որոշակիորեն երեւում են յուրաքանչյուր դարձվածային միավորի քննարկման ու բնագրային խոսքից բերվող օրինակներում։
Աշխատությունից օգտվելը դյուրավ դարձնելու նպատակով հեղինակը բառարանում դարձվածային միավորները դասավորել է այբբենական կարգովՙ անկախ դարձվածի առաջին բաղադրիչի բառի գերադաս կամ ստորադաս լինելուց։ Այլ խոսքով ասածՙ կիրառել է փնջային սկզբունքը։
Հաշվի առնելով բառարանի ուսուցողական, ուսումնական բնույթըՙ հեղինակը բազմակողմանիորեն բնութագրել է յուրաքաչյուր գլխադարձված, նշել գլխադարձվածների հոմանիշ ու հականիշ (եթե ունեն) դարձվածային միավորները, դրանց անվանողական կամ հաղորդակցական լինելը, իմաստային, բառաքերականական, գործառական հատկանիշները, կիրառությունները խոսքի տարբեր (առօրյա, գիտական, վարչագործարարական, գեղարվեստական, հրապարակախոսական) ոճերում կամ տեսակներում։
Քերականական, ոճական բնութագրմանը զուգահեռ ցույց են տրված տվյալ դարձվածի գերադաս անդամի քերականական կարգերը (գոյականի համարՙ հոլով, թիվ, լրիվ կամ թերի հարացույց ունենալը, բայականների համարՙ սեռը, եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը, հաստատական կամ ժխտական լինելը)։
Թվարկված հատկանիշներից հետո ներկայացվում են ամբողջական դարձվածային միավորների շարահյուսական կիրառությունները. գոյականականի համարՙ ենթակա, ստորոգելի, որոշիչ, պարագա, խնդիր, բայականի համարՙ ստորոգյալ, պարագաներ (երբեմն էլ որոշչային) կիրառությունը, իսկ եղանակավորողների դիմաց ցույց են տրվում նախատինք, անեծք, օրհնանք, բարեմաղթանք եւ այլ իմաստների արտահայտությունները։
Աշխատության մեջ ներկայացված են նաեւ բազմաթիվ դարձվածային միավորների բազմիմաստություններն ու նույնիմաստությունները։
Խ. Բադիկյանի աշխատության առավելություններից մեկն էլ այն է, որ նա նորօրյա զանգվածային լրատվություններից ջանադրաբար քաղել եւ օգտագործել է բազմաթիվ նորաբանություններ (օրինակՙ փակ գոտի, փափուկ ուսերին, քաղաքական դաշտի թափոն, քանդակել-թողնել, քար ու կարկուտ աղալ գլխին, սեւ քվե տալ, փակ ամրոց, փակ դռները բացել, փակուղի մտնել, փակուղու առաջ կանգնել եւ այլն)։
Դարձվածային միավորները (դարձվածները) աշխարհի ժողովուրդների դարավոր կենսափորձի, իմաստնության խտացված, վերաիմաստավորված արտահայտություններն են, բառակապակցությունների (ոչ սովորական) ու նախադասությունների իմաստավորված այն մտային թռիչքները, որոնք հատկանշվում են հակիրճությամբ, մտքի սրությամբ ու անսովորությամբ, զարմանալի պատկերավորությամբ, հղկվածությամբ, փայլուն ձեւերի մեջ արտահայտված տարողունակ բովանդակությամբ, գեղագիտական արժեքով, ինքնուրույն անփոփոխ կիրառությամբ։ Դրանք ամեն մի ժողովրդի խոսքի մշակույթի թանկարժեք գանձերն ենՙ տարածված ու սփռված բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններում, գեղարվեստական գրականության մեջ, խոսքի այլ տեսակներում, բառարաններում եւ հավաքածուներում, մամուլի էջերում եւ այլուրեք։
Դարձվածային միավորները հարստացնում են խոսքը եւ ստեղծում պատկերավորություն, գունագեղություն, խոսքին հաղորդում խորություն, տրամաբանական ուժեղ լիցքեր, կենդանություն։
Այս եւ այլ իմաստներով Խ. Բադիկյանի աշխատությունը չափազանց օգտակար է ուսանողների, լրագրողների, ուսուցիչների, դասախոսների, իրավաբանների, հայերենագիտության բոլոր մասնագետների եւ հայերենը խորությամբ ուսումնասիրող մարդկանց համար։
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ