Վերջերս, ՀՀ նախագահական ընտրությունների այս օրերին, ծագումով ռամիկ մի քաղաքական տեսաբան, որը փորձում է նաեւ երգել, գրելՙ ոսկու շուկայում պրիմուսի ասեղներ ծախելուց ազատ ժամերին, բացականչեց.
¬ Եղբայր, այս ի՞նչ է կատարվում մեր մշակույթի էլիտայի հետ։ Իրենց գործը թողած, բանաստեղծ-նկարիչ-երաժիշտ նախագահի թեկնածուներին են պաշտպանում։ Մեր Նաիրի երկրի վիճակն ինչպե՞ս կլինի։
Անհույս էր այս մարդուն որեւէ բան բացատրելը, որովհետեւ աշխարհիս «խելոքները» շատացել են եւ պարզ մի ճշմարտություն, ռուս հանճարեղ պոետի հրաշալի միտքը չեն հասկացել. «Երանելի է նա, ով իր երկրի հետ է նրա ճակատագրական ժամանակներում»։
Այսպես է հիմա Հայաստանում։ Ճշմարիտ մեծերը կրկին ժողովրդի հետ են, իրենց կարծիքն ունեն Հայաստանի Հանրապետության նախագահական թեկնածուների առումով եւ պարզ ու հստակ ասում են իրենց խոսքը։
Այսպես է մեր բանաստեղծըՙ Ռազմիկ Դավոյանը...
¬ Ես ուզում եմ խոստովանություն անել։ Դուք գիտե՞ք, թե ինչքան դժվար է Հայաստանի Հանրապետության նախագահ եւ նախագահության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ խոսել իր բարեմասնությունների մասին, խոսել նրա անձի, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային, ազգային բարձր որակների մասին։ Սա մի բացառիկ դժվարություն է, բայց ես չպիտի փորձեմ մանրամասների մեջ մտնել, այլ, մի քիչ վերանալով իր ներկայությունից, խորհրդանշական մեկ-երկու խոսք ասել։ Այդ ո՞վ չի տեսել եւ չի տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի եւ Հայաստանի միասնության խորհրդանիշն է, մեծագույն խորհրդանիշը, որ կարող էր այսօր հայ ժողովուրդը երազել։ Այդ ո՞վ չի տեսնում, որ եթե մինչեւ 1995¬96 թթ. այս գահավիժող երկրին իր հզոր, տղամարդկային կամքն ու ձեռքը չդիմհարեր, երկիրը կշարունակեր գլորվել։ Այս օրերին հաճախ է միտքս գալիս մեր սքանչելի բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Գիտե՞ք, նա սկզբում Թումանյանին չէր ընդունում, Տերյանի երգերն էլ համարում էր թքոտ։ Բայց երբ հետո իմաստությունն իջավ Չարենցի վրա, Թումանյանի մասին գրեց. «Նա մեծ էր հոգով, արյունով, «Արմատներ ուներ նա հողում, /Իր երգերը գեղջուկ նաիրցու /Քրտինքով էր նա ողողում...»։ Չարենցից ներողություն խնդրելով, ես ուզում եմ մի բառ փոխել եւ, խոսքս տեղափոխելով Ռոբերտ Քոչարյանի հասցեին, ասել, որ նա իր երկիրը գեղջուկ նաիրցու քրտինքով է ողողում իր քրտինքի հետ միասին։
Ռազմիկ Դավոյանի խոսքն է, բանաստեղծի խոսք, որը կարող է նաեւ խփել մանրավաճառի խուլ թմբկաթաղանթին։ Աշխարհի, իր երկրի, իր ժողովրդի ամեն մի հայի տագնապները զգացած եւ այդ տագնապները բանաստեղծական տողերում տեղավորած Ռազմիկ Դավոյանն իրավունք ունի այսպես պարզ խոսելու։ Կարող ենք, իհարկե, համաձայնվել կամ չհամաձայնվել նրա հետ, ընտրյալ համարել կամ չհամարել նախագահի նրա թեկնածուին, բայց պիտի լսենք Ռազմիկ Դավոյանինՙ բանաստեղծին։
Երբ մենք ընտրում էինք Հայաստանի երրորդ հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինքըՙ Ռազմիկ Դավոյանը, չկանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, թեեւ այնտեղ իր ամենամտերիմ մարդկանցից կայինՙ Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը... Բնավ չդավաճանելով հոգեւոր մտերմությանը, չգնաց, չկանգնեց։ «Դուք արեցիք, ես չեմ արել» խոսքն այսօր որպես մեղադրանք չի շպրտում ձեզանից շատերի վրա։ Գուցե ձեզանից նա շատ ավելի իմաստուն էր, գիտեր, տեսնում էր, որ անթրաշների իշխանության գալը լավ բան չի խոստանում, գիտեր, որ տարրական դպրոցի վարժապետը չի կարողանա երկրի համար օրենքներ մշակել, որ վերջինս, իր փորը պաշտպանող այս մորուքավորը մի օր պիտի երկրապահ լինի, հաջորդ օրըՙ ժողովրդավար, հետո, եթե պետք լինի, նաեւՙ կոմունիստ կամ հնչակ։ Այդպես եղավ, չէ՞։ Ու մենք տեսանք, թե ինչ կատարվեց։ Ռազմիկ Դավոյանն այս ամենը տեսել էր հենց սկզբից։ Ու այսօր իրավունք ունի ասելու. «Ես չեմ արել»։
Այսօր համոզված ասում է.
¬ Ամեն երկիր, ամեն պետություն միջազգային ասպարեզում կշիռ է ձեռք բերում իր նախագահի շնորհիվ։ Հայերից ո՞վ կերազեր, որ մեր ազգային դատն աշխարհի խոշոր պետությունների գագաթաժողովում պիտի դներ Հայաստանի նախագահը, երկրի գլխավոր զորահրամանատարը եւ պահանջեր թուրքերին միջազգային պատասխանատվության կանչել։ 1975 թ.ՙ այն ժամանակ, երբ թուրքերի լկտիությունը չափ ու սահման չուներ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Թուրքեշը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ասում էր. «Եթե այդպիսի բան գոյություն ունիՙ հայոց պետությունը մի ձայն կհաներ, էլի։ Չէ՞ որ ասում են, թե Սովետական Միության տարածքում պետության պես մի բան ունեն հայերը»... Այսօր հայոց պետականությունը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ջարդելով, փշրելով միջազգային անտարբերության արձագանքը, մեր խոսքը տարել է մեծ ասպարեզՙ մեր դատին արձագանք գտնելու համար։ Քոչարյանն է արել, չէ՞, ոչ թե մեկ ուրիշը...
¬ ...Մարդու համար ամենածանր բեռը, որ իր հետ միշտ տանում էՙ զղջումի, ափսոսանքի եւ դրանցից ծնված ցավի զգացումն է։ Մարդիկ այսօր ընտրության առջեւ են կանգնած։ Եթե այսօր ընտրեն մեկին, որ վաղն իրենց հուսախաբ անի, ողջ կյանքում ափսոսանքի, հուսախաբության բեռը տանելու են իրենց հետ։ Իսկ եթե դու չընտրեցիր նրան, ով իրագործելու է քո ցանկությունները, վաղը եթե նա քո կարիքները հոգաՙ զղջումի ահավոր զգացում ես ունենալու, ինքդ քեզ մեղադրելու ես, թե ինչու այդ մարդուն չընտրեցիր։ Ահա, այս վիճակի մեջ չլինելու, զղջումի ծանրություն չունենալու համար մենք պիտի արդարամիտ լինենք ու մեր ձայնը տանք Հայաստանի Հանրապետության գործող նախագահին։ Ռոբերտ Քոչարյանը մեր երկիրն արդեն դուրս է բերում մեծ ճանապարհ։ Բայց իր ետեւից հարյուր մարդ հետ են քաշում։ Սակայն սրանց ոչինչ չի հաջողվի։ Կրկին առաջ ենք գնալու...
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ