«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2003-02-05 | #22, 2003-02-06 | #23, 2003-02-07


«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2003» ԿԵՆՏՐՈՆԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ժուռնալիստների միությունում երեկ «Ընտրություններ-2003» ինֆորմացիոն միջազգային կենտրոնը կազմակերպել էր հերթական հանդիպումը նախագահի թեկնածուներից «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ։ Ներկաներին հետաքրքրում էր, թե թեկնածուն ինչ դիտարկումներ ունի քարոզարշավներից եւ լրատվամիջոցների լուսաբանումից։

Արամ Հարությունյանը նշեց. «Ես համոզված եմ, որ Հայաստանի բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները քաղաքականապես կողմնորոշված են, ուստի բնական է, որ ինչպես ցանկացած իշխանություն կարող է լինել լեգիտիմ եւ ոչ լեգիտիմ, այնպես էլ մամուլը որպես չորրորդ իշխանություն կարող է լինել լեգիտիմ եւ ոչ լեգիտիմ, կուզեի, որ մամուլը լիներ անկախ»։

Արամ Հարությունյանն Արտաշատի դեպքերը որակեց «արջի ծառայություն իշխանություններին» եւ պնդեց, որ ժամ առաջ պետք է գտնել մեղավորներին ու պատժել։ «Մեր ժողովուրդը ցուլ չէ, եւ մենք ցլամարտիկներ չենք, ամեն ինչ անցողիկ է, կարեւորն այն գրիչն է, որին դուք ծառայում եք, երդում տվեք ձեր խղճին»։

Այն հարցին, թե արդյոք Ա. Հարությունյանը կհանի՞ իր թեկնածությունը հօգուտ Ռ. Քոչարյանի, պատասխանը եղավՙ ոչ։ Թեկնածուն պայքարելու է մինչեւ վերջ ու փետրվարի 18-ի իր ծննդյան օրը տոնելու է իր հաղթանակի հետ։ Թեկնածուն նշեց նաեւ, որ 1987-ից քաղաքականության մեջ է եւ որեւէ մեկի օգտին չի հանի իր թեկնածությունը, որ միասնական թեկնածուին պետք է ընտրի ժողովուրդը փետրվարի 19-ին։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4