«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2003-02-05 | #22, 2003-02-06 | #23, 2003-02-07


ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ ՀԺԿ գրասենյակում կայացավ հանդիպում ընդդիմության ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Հայաստանում ընտրությունների դիտորդական առաքելության գրասենյակի ներկայացուցիչների եւ երկարաժամկետ դիտորդ Վադիմ Թելինի միջեւ։

Վաղարշակ Հարությունյանը, Դուստրիկ Մարգարյանը, Ալեքսանդր Բուտաեւը մանրամասն խոսեցին ընտրական տեղամասերի անհավասար բաշխման, եթերում թեկնածուներից ոմանց ոչ օբյեկտիվ ներկայացնելու, մեկ թեկնածուի օգտին միակողմանի դրսեւորում ցուցաբերելու, Արտաշատում տեղի ունեցած խայտառակ միջադեպի եւ բազմաթիվ այլ խախտումների մասին, որոնք ամփոփ ներկայացվեց դիտորդներին։ Խախտումներ կան նաեւ ընտրացուցակներում, օրինակ, Շենգավիթի համայնքի 14 ընտրական տեղամասերից 539 անուն, որոնց թվում կան մահացածներ, զինծառայողներ, գրանցումից դուրս գրվածներ, դեռ ընդգրկված են ցուցակներում։ Իսկ Կենտրոնի համայնքի թիվ 1 տեղամասում (գրողների տուն) 111 մահացածի անուն կա 2000 ընտրողներից։ Խախտումներ են գրանցվել նաեւ Մալաթիա-Սեբաստիայի դպրոցի տնօրենի (Օֆելյա) կողմից, որն ուսուցիչներին հորդորել եւ համոզել է իրենց ձայնը տալ Ռ. Քոչարյանին։ Իսկ Լոռու մարզի Քարաձոր գյուղից ստացված մի բուժքրոջ դիմումում ասվում է, որ նրան ազատել են աշխատանքից Ս. Դեմիրճյանի հետ հանդիպման գնալու համար։ Բազմաթիվ խախտումներ նշելուց հետո նրանք հանգել են այն եզրակացության, որ այդ ամենի հետեւում կանգնած են իշխանությունները եւ նրանց հանձնարարականով էլ շարժվում են խախտումներ անողները։

Դիտորդներն ուշադիր լսեցին, գրի առան ու լուռ հեռացան։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4