Ասում է Հայաստանում Իրանի դեսպանը
Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին գտնում է, որ 2002թ. իրանա-հայկական հարաբերություններում ամենամեծ հաջողությունն այն էր, որ երկու երկրներում ընդհանուր ըմբռնում ի հայտ եկավ Եվրոպայի հետ համագործակցության առնչությամբ։ Նրա խոսքերով, կողմերն ուշադրությունը բեւեռել են տարածաշրջանային գործընկերների, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման վրա։ «Այսօր Իրանն ու Հայաստանն ավելի են մերձեցնում իրենց մոտեցումներն ու հայացքները։ 2002 թ. երկու երկրներն արտաքին քաղաքականության մեջ ճիշտ կողմնորոշվեցին փոխըմբռնման հասնելու համար», ավելացրեց նա։
Իրանցի դիվանագետը հավաստեց, որ անցյալ տարի երկու երկրները փոխհամաձայնության են եկել, որ բանակցությունների միջոցները հարկավոր է օգտագործել շրջանում խաղաղության ու կայունության ստեղծման համար։ Նա գոհունակությամբ նշեց, որ 2002 թ. երկու երկրները շարունակել են շրջանի խաղաղության պահպանմանն ուղղված խորհրդակցությունները, եւ խորացել է հաշտության գործընթացը Կովկասի բոլոր երկրների հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ։
Մ. Քոլեյնին հիշեցրեց, որ 2002 թ. հաջողվեց Թեհրանում անցկացնել տնտեսական համագործակցության իրանա-հայկական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստըՙ հատկանշական համարելով, որ այդ հանձնաժողովի երկու նիստ է կայացել վերջին երկու տարում։ Նրա խոսքերով, հիշյալ նիստում քննարկվել է գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման մեխանիզմը։ «Տեսնենք, թե այդ առթիվ Հայաստանը պաշտոնական ինչ առաջարկություններ կանի ընտրությունների ավարտից հետո», ավելացրեց նա։ Այդ շրջանակներում Հայաստանն իր համապատասխան էներգետիկ համակարգն ունի Մեծամորի ԱԷԿ-ի օգտագործման առնչությամբ, եւ այստեղ առանձնանում է արտասահմանյան երկրների ներդրումների իրականացման կարեւորությունըՙ ինչպես կայանի վառելիքի ապահովման, այնպես էլ գազով գործող նոր էլեկտրակայանների կառուցման ձեւով։ Խոսելով իրանա-հայկական գազամուղի կառուցման մասին, Մ. Քոլեյնին նշեց, որ «առայժմ քննարկվում են զանազան տարբերակներ, որոնք ուղղված են լավագույն պայմանների որոնմանը»։
Ինչ վերաբերում է 2002 թ. երկու երկրների ապրանքաշրջանառությանը, ապա, Իրանի դեսպանի խոսքերով, անցյալ տարվա ցուցանիշը մնացել է 2001 թ. մակարդակի վրա, սակայն երկկողմ համագործակցության մեջ արձանագրվել է որակական փոփոխություն։ «Կարելի է ասել, որ երկու երկրների համագործակցությունն ավելի շատ ուղղված է դեպի կապիտալի ոլորտը, եւ դա առկա էր ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կապիտալի մակարդակով», ասաց նա։ Նրա խոսքերով, երկու պետությունների բանկային գործակցությունը ենթարկվել է լուրջ փոփոխությունների, ինչը լավ հիմք է դարձել ինժեներատեխնիկական համագործակցության համար։ Դրա լավագույն վկայությունը դարձավ 2002 թ. Ագարակի փոխանջատիչ կայանի գործարկումը։ Էլեկտրաէներգիայի փոխանակման կարեւորությունը Հայաստանի բոլոր քաղաքացիները գիտակցեցին վերջերսՙ գազատարի վթարի ժամանակ։
Խոսելով 2002 թ. Հայաստանի եւ Իրանի միջեւ չլուծված հարցերի մասին, Մ. Քոլեյնին նշեց, որ «առայժմ մենք նախագծերը գործնական հարթություն տեղափոխելու, այսինքնՙ դրանք իրականացնելու փուլում ենք»։ Նրա կարծիքով, անցյալ տարի երկկողմ հարաբերությունների զարգացումը բնականոն է ընթացել։ Դիվանագետը նշեց, որ Իրանն ուշադիր հետեւում է սեփականաշնորհման ընթացքին, ինչպես նաեւ Ռուսաստանին ունեցած պարտքի մարմանը, ինչը կարող է կապերի զարգացման նոր հնարավորություններ ստեղծել։ «Մենք սպասում ենք, որ Հայաստանում լուծվեն մի շարք տնտեսական խնդիրներ եւ ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, ինչը պայմանավորված է հայ-իրանական հարաբերություններին անմիջականորեն չառնչվող բազմաթիվ գործոններով», ավելացրեց նա։
Հայ-իրանական ռազմական համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցին պատասխանելիս դեսպանը նշեց, որ ԱՊՀ երկրների հետ համագործակցության շրջանակներում Իրանը շատ սերտորեն գործակցում է Ռուսաստանի հետ, սակայն Հայաստանի դեպքում նման անհրաժեշտություն չի զգացվում։ «Հայ-իրանական երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա եւ միտված են շրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարաբերություններ ունի աշխարհի բազմաթիվ երկրների հետ, եւ ելնելով տարածաշրջանում կայունություն հաստատելու իր դերից եւ հարեւան երկրների միջեւ լարվածությունը վերացնելու ցանկությունից, Իրանը փորձում է բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ», ընդգծեց նա։ Մ. Քոլեյնին Իրանում աշխատող գործընկերոջՙ Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի դիրքորոշմանը համաձայնեց այն հարցում, որ տնտեսական հարաբերություններն իրենց մակարդակով պետք է մոտենան երկու պետությունների քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Իսկ ընդհանուր առմամբ նա երկու երկրների հարաբերությունները բնութագրեց «լավ եւ բարեկամական», ինչը լավ մոդել է հարեւան բոլոր պետությունների համար։
Խոսելով Իրաքում հնարավոր պատերազմի մասին, Մ. Քոլեյնին նշեց, որ առայժմ գոյություն ունեն պատերազմի կանխման քաղաքական հնարավորություններ։ Իրաքում գտնվող միջազգային դիտորդներն առայժմ ծանր ու բարդ աշխատանքի նախնական փուլում են։ Նրա կարծիքով, այդ հարցը պետք է լուծվի բարի կամքի շրջանակներում, միջազգային իրավունքի հիման վրա։ Ինչ վերաբերում է Իրաքի պատերազմի դեպքում ամերիկյան օդանավերին Հայաստանի կողմից օդային միջանցքի հնարավոր տրամադրմանը, ապա, դեսպանի խոսքերով, դա արդեն Հայաստանի կառավարության գործն է։ «Իրանի պետությունը ակտիվ չեզոքության դիրքում է եւ, բնականաբար, թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարձակման համար», նշեց նա։
Այն հարցին, թե Իրանը մտահոգված չէ՞ արդյոք Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների ակտիվացմամբ, Մ. Քոլեյնին պատասխանեց, որ վերջին 1¬2 տարում ՆԱՏՕ-ի իմաստը զգալիորեն փոխվել է, եւ դրա վկայությունը միջազգային մի շարք զարգացումներն են, մասնավորապես Իրաքի իրադարձությունների առնչությամբ։ Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի մեջ մտնող մի շարք երկրներ այս առումով շատ հավասարակշռված եւ իմաստավորված քաղաքականություն են վարում եւ, բնականաբար, ոչ ոք դեմ չի լինի լարվածության կանխմանն ուղղված քաղաքականությանը։
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ