«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2003-02-06 | #23, 2003-02-07 | #24, 2003-02-08


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՄԻ ՔԻՉ ԷԼ ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ»

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Փետրվարի 7-ին ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լոռու մարզ այցելությունից հետո եղավ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում։ Այրում, Հաղթանակ, Զորական, Բերդավան, Կողբ գյուղերում եւ Նոյեմբերյան քաղաքում թեկնածուին դիմավորեցին աղուհացով, դրոշակներով եւ նախընտրական պաստառներով։

Նոյեմբերյանցիներին հատկապես հուզում էր 1997 թ. Նոյեմբերյանի երկրաշարժից վթարային առանձնատների վերականգնման համար պետբյուջեից փոխհատուցման գումարների վճարումը, ինչի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ խնդիրն այս տարի վերջնականապես լուծվելու է, այդ նպատակով պետբյուջեում 1 մլրդ 105 մլն դրամ (մոտ 1,9 մլն դոլար) է հատկացված, որից 100 մլն-ն արդեն փոխանցված է։

Նոյեմբերյան քաղաքումՙ բազմամարդ հանրահավաքի ժամանակ Քոչարյանը, խոսելով անցած 5 տարում կատարված աշխատանքների եւ հետագա ծրագրերի մասին, հայտարարեց. «Մի քիչ էլ աշխատենք միասին, ամրապնդենք փոխադարձ վստահությունը, եւ ամեն ինչ լավ է լինելու»։

Նոյեմբերյանի տարածաշրջան նախընտրական այցի ավարտին Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց Դեղձավան գյուղում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով կառուցված դպրոցի բացմանը։

Ռոբերտ Քոչարյանին նախընտրական այցի ժամանակ ուղեկցում էին կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, ԱԺ պատգամավորներ, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4