«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2003-02-06 | #23, 2003-02-07 | #24, 2003-02-08


ԻՆՉՆ ԱԶԴԵՑ ԵՎ ԿԱԶԴԻ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՎՐԱ

Երբ 1999 թ. հոկտեմբերի 27-ին զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանին փոխարինեց նրա եղբայր Արամ Սարգսյանը, տիրապետող մտայնությունն այն էր, որ նրան չի հաջողվի դուրս գալ եղբոր ստվերից, որ նա մշտապես ընկալվելու է ոչ թե որպես վարչապետ Արամ Սարգսյան, այլ Վազգենի եղբայր։ Նման մտայնությանը նպաստում էր Արամ Սարգսյանի անհայտ լինելը երկրի բնակչության համար։

Հայտնի էր միայն, որ նա Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկիՙ «Արարատցեմենտի» գլխավոր տնօրենն էր։ Այդուհանդերձ, Արամ Սարգսյանը, դեռեւս անփորձ էր կառավարման մեջ եւ անծանոթ քաղաքական ինտրիգներին։

Խոսելով Արամ Սարգսյան քաղաքական գործչի մասին, նախ հարկ ենք համարում առանձին անդրադառնալ նրա վարչապետության 6¬7 ամիսներին։

Հիշենք 1999 թ. նոյեմբերի լարված, կարելի է ասելՙ պայթյունավտանգ ներքաղաքական վիճակը։ Շնորհիվ նորանշանակ վարչապետի եւ նախագահի փոխհասկացողության ու դրսեւորած քաղաքական կամքի, հնարավոր եղավ լիցքաթափել այդ մթնոլորտը, խուսափել լարվածության կործանարար խորացումից։ Չենք կարող չհիշատակել նաեւ Արամ Սարգսյանի անմիջական ջանքերն արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների, մասնավորապես «Նաիրիտի» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վերագործարկման ուղղությամբ։ Մեղրու տարածաշրջանի յուրաքանչյուր բնակիչ տեղյակ է Ագարակում կառավարության անցկացրած արտագնա նիստի մասին, որտեղ տնտեսական բլոկի բոլոր նախարարները դեմ էին արտահայտվել կոմբինատի վերաբացմանը, նշելով, որ դրա գործունեությունը կլինի ոչ շահավետ։ Որոշիչ է եղել վարչապետի դիրքորոշումը, որը կողմ է արտահայտվել ձեռնարկության վերաբացմանը եւ հանձնարարել գտնելու շահավետ գործելու ուղիներ։

Արամ Սարգսյանի հիմնական սխալը, որն էլ ի վերջո հանգեցրեց նրա պաշտոնանկությունը, նախկին իշխանություններին ներկայացնող քաղաքական ուժի ազդեցության տակ ընկնելն էր։ Այն ուժի, որին իշխանությունից հեռացրել էր հենց իր եղբայրըՙ Վազգեն Սարգսյանը։ Վարչապետը նախ հրաժարվեց իշխանությունից մի շարք ՀՀՇ-ական նախարարների (Վահան Շիրխանյան, Շահեն Կարամանուկյան եւ այլք) հեռացնելու նախագահի պահանջին համաձայնել, չնայած դրան կողմ էր նաեւ կառավարող Հանրապետական կուսակցության (որի անդամ էր Արամ Սարգսյանը) վարչության անդամների մեծ մասը։ Դրա պատճառով պաշտոնանկ եղավ ինքը։ Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ Արամ Սարգսյանի նման դիրքորոշումը պատահական չէր։ Չնայած նա եւ Ալբերտ Բազեյանը հիմնեցին նորՙ «Հանրապետություն» կուսակցությունը, բայց նախկին վարչապետը շարունակեց թափանցիկ եւ բացահայտ ակնարկներ կատարել Լեւոն Տեր¬Պետրոսյանի կամ ՀՀՇ-ի հետ համագործակցելու մասին։ Պատասխան ազդանշաններ էին տրվում նաեւ ՀՀՇ-ամերձ մամուլում։ Այն մտավախությունը, որ իշխանությունը վերստանալու մարմաջով տառապող ուժի կողմից Արամ Սարգսյանը կարող է օգտագործվել որպես ցատկահարթակ, լրջորեն ազդեց եւ դեռեւս կազդի նրա վարկանիշի վրա նախագահական ընտրությունների ժամանակ։ Բոլորիս հիշողության մեջ դեռեւս թարմ են նախկին վարչակարգի իշխանության դժնդակ տարիները։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4