«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2003-02-06 | #23, 2003-02-07 | #24, 2003-02-08


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Անաչա՞ռ, թե՞...

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը Երեւանի մամուլի ակումբի հետ անցկացնում է նախագահական ընտրությունների լուսաբանման մոնիտորինգ։ Ըստ նախընտրական քարոզարշավի երկրորդ շաբաթվա վերլուծության արդյունքների, նախընտրական պայքարի լուսաբանումն ընդհանուր առմամբ համապատասխանում է թեկնածուների վարած արշավի ընթացքին, ինտենսիվությանը։ 11 թեկնածուներից ոչ մեկին լրատվամիջոցները լռության չեն մատնում, սակայն ոչ բոլոր հեռուստաընկերություններն ու թերթերն են հավասարաչափ լուսաբանում թեկնածուների հանդիպումները ընտրողների հետ։

Նախընտրական արշավների լուսաբանման գլխավոր գործող անձը, նաեւ ընդդիմադիր մամուլի համար, անկախ լուսաբանման բովանդակությունից, շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը։

Մոնիտորինգի խումբը նախընտրական քարոզարշավի երկրորդ շաբաթվա հիմնական լրատվական իրադարձությունն է համարում փետրվարի 2-ին Հանրային հեռուստատեսության եթերում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի եւ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի բանավեճը, հիշեցնում Արտաշես Գեղամյանի եւ Հ1-ի «Հայլուր» լրատվականի կոնֆլիկտը։ Գեղամյանի կողմից «Հայլուրը» բոյկոտելուց հետո լրատվական ծրագրի ներկայացուցիչները ներկայացել էին որպես «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության աշխատակիցներ եւ Գեղամյանին ուղեկցել Լոռու մարզ։ Այնուհետեւ, ըստ մոնիտորինգի խմբի, ընդդիմադիր թեկնածուի հասցեին բացասական մեկնաբանություններ էին հնչել։ «Հայլուր» ծրագրում Արտաշես Գեղամյանին վերաբերող մեկնաբանություններն ավելի զուսպ են դարձել Սերժ Սարգսյանի եւ Արտաշես Գեղամյանի բանավեճից հետո։ Մոնիտորինգի խումբը համարում է, որ «Հայլուրի» լրագրողները խախտել են էթիկայի նորմերըՙ խաբելով թեկնածուին։ Նրանք համարում են նաեւ, որ թեկնածուին խաբելով լրագրողները նաեւ հեռուստադիտողներին են խաբել։ Վերջին դիտարկումըՙ հեռուստադիտողներին խաբելու վերաբերյալ, բավականին անհասկանալի է։

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտն ու Երեւանի մամուլի ակումբը ներկայացնում են նաեւ շաբաթվա ընթացքում եղած օրենքի խախտումները։ «Հայոց աշխարհը» տպագրել է Իոսիֆ Կոբզոնիՙ Սպիտակում ունեցած ելույթի մասին տեղեկատվություն, որտեղ Կոբզոնն ասում է, որ պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Խախտվել է Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածը։ Թեեւ այդ հոդվածով իսկապես օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել, այնուամենայնիվ հիշեցնենք, որ Քոչարյանին պաշտպանելու մասին Կոբզոնը նշել էր իրեն Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուց հետոՙ կատակով։

Որպես օրենքի խախտում նշվում է նաեւ հունվարի 28-ինՙ Բանակի օրը, Հանրային, ԱԼՄ եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների եթերով, այնուհետեւ հունվարի 29-ին «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ» եւ «Հայոց աշխարհ» թերթերի էջերում Սերժ Սարգսյանին որպես պաշտպանության նախարարի ներկայացնելը։ Ըստ մոնիտորինգի խմբի, պարզ չէՙ խախտվո՞ւմ է Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածը, որն արգելում է զինվորականներին քարոզչություն ծավալել։ Օրենքը չի որոշակիացնումՙ նախարարը հանդիսանո՞ւմ է զինծառայող, թե՞ ոչ։ Մոնիտորինգի խումբը կարեւորում է, որ Սերժ Սարգսյանը ներկայացված չէր որպես Քոչարյանի նախընտրական շտաբի պետ։

Մեր կողմից նշենք, որ Սերժ Սարգսյանը զինվորական, առավել եւս զինծառայող չէ, այլ քաղաքական պաշտոն է զբաղեցնում։ Ինչ վերաբերում է նախընտրական շտաբի պետ ներկայանալուն, բնական է, որ Բանակի օրը նա որպես նախարար պետք է ներկայանար, մանավանդ որ նախագահական ընտրությունների օրերին նա հրաժարական չի տվել, այլ ընդամենն արձակուրդում է, իսկ նախարարն արձակուրդում եւս չի դադարում նախարար լինելուց։

Տպավորություն է ստեղծվում, թե մոնիտորինգի խումբը հետեւում է միայն թեկնածու Քոչարյանի ծավալած քարոզարշավին, կամ էլ օրինախախտումները միայն այս թեկնածուին են վերաբերում։

Համաձայնելով, որ Քոչարյանի, որպես գործող նախագահի նկատմամբ ուշադրությունը, բնականաբար, շատ մեծ է, այնուամենայնիվ, մոնիտորինգի խմբի աչքից մյուս թեկնածուներին պաշտպանող լրատվամիջոցների օրինախախտումները կարծես «վրիպում» են։ Վերլուծության մեջ որպես հանդուրժողականության բացակայության օրինակ է բերվում ընդդիմության կողմից տարվող «սեւ PR»-ը, սակայն կոնկրետ լրատվամիջոցների անուններ եւ օրինախախտումներ չեն նշվում, այնինչ, օրինակ, «Ազգի» անունը նշվում է բացասական երանգով։ Ամենացայտունն ամեն օր թեկնածուներին ծաղրող հրապարակումներն են, մինչդեռ, ըստ ԿԸՀ սահմանած կարգի, թեկնածուներին ու նրանց ծրագրերը ծաղրելն արգելվում է։ Մոնիտորինգի խումբը չնկատելու է տալիս այդ փաստերը։

Նշենք նաեւ, որ յուրաքանչյուր լրատվամիջոց, եթե, իհարկե, պետական չէ, կարող է նախընտրած թեկնածու ունենալ։ Ինչ վերաբերում է թեկնածուների համար մասնավոր լրատվամիջոցներից հավասար պայմաններ տրամադրելու պահանջին, այս դեպքում ընտրությունը թեկնածուներինն է, թե որ լրատվամիջոցին վճարեն։

Մոնիտորինգ բառն, իհարկե, տպավորիչ է հնչում, բայց բառից բացի որքանո՞վ է մեզանում ընկալվել ժողովրդավարական համակարգին հատուկ այս երեւույթի էությունը։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4