«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2003-02-06 | #23, 2003-02-07 | #24, 2003-02-08


ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՊԱՏԱՀԱԾԻՆՙ ՆՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Արտաշատում տեղի ունեցած դեպքերը նախընտրական քարոզչությանը նոր ընթացք տվեցին։ Ամեն դեպքում, այն, ինչ մինչեւ փետրվարի 4-ն էր, խստագույնս տարբերվեց Արտաշատում պատահածից հետո տիրող իրավիճակից։

Միջադեպի ժամանակ հնչած կրակոցներն ու ծեծկռտուքն առաջինն էին հունվարի 21-ից մեկնարկած նախընտրական քարոզչության ընթացքում։ Եվ սակայն հանգամանքները բավականին մտահոգիչ ու անհանգստացնող են, քանի որ նման մեթոդներով քարոզչության իրականացումը, ինչպես նաեւ Արտաշատում տեղի ունեցածին տրված քաղաքական այլատեսակ գնահատականներն ակնհայտորեն չեն վկայում հայ իրականության մեջ տեղի ունեցող երեւույթների քաղաքակիրթ եւ ժողովրդավարական լինելու մասին։

Հասկանալի է, որ տեղի ունեցած հանցագործությունն ու խուլիգանությունը միանշանակ դատապարտելի են։ Հասկանալի է նաեւ, որ նմանօրինակ միջոցներով հանդիպումները խանգարելու փորձերը հատուկ են միայն կարճամիտ ու դատողության ցածրորակ աշխատանքի ընդունակ արարածներին։

Արտաշատում պատահածին տրվեցին գնահատականներ, որոնք գոնե մեկՙ դատապարտելու հարցում նույնական էին։ Փետրվարի 6-ին «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց Հրանտ Խաչատրյանը։ Վերջինս, ի թիվս այլ ասածների ու կարծիքների, լրագրողներին հայտնել է, որ Հայկ Բաբուխանյանի փոխարեն ինքը կկրակեր խանգարողներից մեկի վրա։

Ընկալելի են Հրանտ Խաչատրյանի զայրույթը, սակայն պատժելու ցանկությունըՙ ոչ։ Մի՞թե «Սահմանադրական իրավունք» վերտառությամբ կուսակցության ներկայացուցիչը կարծում է, թե այս կերպ կարող է հաստատել իրավունքի եւ օրենքի գերակայություն։ Տեխասյան բաքե՞ր են։ Եվ հետո, յուրաքանչյուր զենք կրող պետք է ավելի հանդուրժող լինի, քանի որ ինքը զենքը կիրառելու հնարավորություն ունի։

Սա բացարձակապես չի նշանակում, թե Ազգային ժողովի պատգամավորին կարելի է հանգիստ եւ առանց դիմադրության հանդիպելու հայհոյել կամ քաշքշել։ Պարզապես կարելի է ենթադրել, որ նույն իրավիճակում կարող էր հայտնվել նաեւ Վազգեն Մանուկյանը, որը, սակայն, թույլ չի տվել իրեն ներքաշել քաշքշուկի մեջ։ Այդ դեպքում, իհարկե, միամտություն կլիներ կարծել, թե Հայկ Բաբուխանյանի վրա հարձակված խումբն այնքան էր սիրում Վազգեն Մանուկյանին, որ ուղղակի նրա հետ նույն կերպ չվարվեց։

Ինչեւէ, պատահածը հիմարների մեծագույն մի հիմարություն էր, բայց որ նրանց նկատմամբ պետք է հաշվեհարդար տեսնվեր հենց տեղումՙ հուսանք, միայն զայրալից խոսք է, եւ ոչՙ նախընտրական քարոզչության հետագա մարտավարություն։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4