«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2003-02-06 | #23, 2003-02-07 | #24, 2003-02-08


ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ԲՆՈՐՈՇ ՆԱՄԱԿ

2003 թ. հունվարի 31-ին, ժամը 21։31-ին «Ազգի» ինտերնետային ծառայությունն ստացավ հետեւյալ անգլերեն նամակը.

«Ձեր թուրքերենն աղբ է, ավելի լավ կլինի դադարեցնեք թուրքերեն լեզվով ձեր սայթում նյութեր տեղադրել։ Ի դեպ, դուք պետք ունեք նաեւ կատարելագործելու ձեր անգլերենը։ Ես ոչինչ չեմ կարող ասել ձեր հայերենի մասին, քանի որ երբեք ես ինձ չեմ անհանգստացրել սովորելու շների եւ առնետների այդ լեզուն։

Ամենավատ հայհոյանքներովՙ «Ազերի Զինվոր»։

Ընթերցողը գիտի, որ մեր թերթի ինտերնետային էջում լուրերն ու հոդվածները, բացի հայերենից, ներկայացվում են եւս 3 լեզուներովՙ ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն։ Բնականաբար, նկատի ունենալով լսարանի փոքրությունը, այդ բոլոր ծառայությունների մեջ թուրքերեն էջը ծավալով ամենափոքրն է, սակայն այդ «աղբը», ինչպես բնորոշում է «Ազերի Զինվորը», ընթերցողների շատ կայուն լսարան եւ տարածք ունի։ Ավելի քան 2 տարի արդեն մեր թուրքերեն էջն ընթերցվում է օրական առնվազն 79 հոգու կողմից Թուրքիայում, Ադրբեջանում, Գերմանիայում եւ Մ. Նահանգներում։

Ինչ վերաբերում է «Ազգի» ինտերնետային անգլերեն էջին, մենք բնավ բավարարված չենք դրա մակարդակով ե՛ւ լեզվական, ե՛ւ նյութերի ծավալների առումով։ Հետեւաբար «Ազերի Զինվորի» նկատողությունն այն կատարելագործելու անհրաժեշտության մասին, ընդունում ենք առանց բարդույթների։ Իրոք, մենք կատարելագործելու ենք։

Գալով վերջինՙ «Ազգի» ինտերնետային ծառայության հայերեն էջին, ավելի շուտՙ հայերեն լեզվի մասին «Ազերի Զինվորի» արտահայտություններին, չենք ցանկանում որեւէ մեկնաբանություն անել։ Աշխարհի հնագույն եւ առ այսօր կենսունակ լեզուներից մեկի մասին այդ արտահայտությունները բնորոշում են առնվազն այս ադրբեջանցու շովինիզմը, ցեղամոլությունը։

Ընթերցողն անշուշտ պիտի հարց տաՙ իսկ ո՞վ է թաքնված «Ազերի Զինվոր» ծածկանվան տակ։ Նույն հարցը մենք տվեցինք եւ մի փոքրիկ հետաքննություն կատարեցինք։ Արդյունքները մեզ առաջնորդեցին, որքան էլ որ տարօրինակ թվա, Անգլիա, եւ առավել տարօրինակՙ BBC-ի կենտրոնական գրասենյակ։ Նամակն ուղարկվել է Զահիր Ահմադովի (mailto։zahirruh@hotmail.com) կողմից, որն, ըստ մեր տեղեկությունների, աշխատում է այդ գրասենյակում։ Հետաքննությունը շարունակում ենք, եւ մեր ձեռք բերած նախնական արդյունքները հաստատվելու պարագայում, կարծում ենք, խոսք պիտի ունենանք ասելու ոչ թե նամակի հեղինակին, այլ հանդուրժողության եւ համամարդկային արժեքների հետեւողական պաշտպան BBC-ի ղեկավարությանը։

Վերջում ավելացնենք, ի դեպ, որ հենց նույն օրը «Ազգի» ինտերնետային էջի այցելուների թիվը գերազանցեց կես միլիոնի սահմանը։ Երկու տարում կես միլիոն մարդ աշխարհի 70-ից ավելի երկրներում ընթերցել է «Ազգ»-ի ավելի քան 3 միլիոն հոդված եւ լուր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4