ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փետրվարի 4-ին Արտաշատ քաղաքում ՍԻՄ փոխնախագահ, նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ, մարզի գազի գրասենայկի վարորդ, 43-ամյա Գրիգոր Օհանյանը։ Վերջինս, ըստ նախաքննական մարմնի, խոստովանել է իր կատարած հանցանքը։ Քրեական գործի նախաքննությունը վարում է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը։ Նախաքննական մարմնի կողմից կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են հինգ փորձաքննություններ։ Դատախազությունը հարցաքննել է դեպքին ականատես 50 վկաների, այդ թվում նաեւ Հ.Բաբուխանյանին, նրա վարորդ Վահան Ղուկասյանին, Հրայր Խաչատրյանին (ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանի եղբորը)։