Հունվարի 27¬29-ը Վատիկանում կաթոլիկ եկեղեցու գերագույն առաջնորդ Հովհաննես Պողոս Բ-ն եւ այլ բարձրաստիճան եկեղեցականներ հանդիպումներ են ունեցել հայկական եկեղեցու եւ հարակից արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են քրիստոնեության երկու ճյուղերի հարաբերություններն առավել սերտացնելու խնդիրները, տեղեկացնում է էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով Հայ եկեղեցին ներկայացրել է Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը, որը Մ. Նահանգներ վերադարձին նշել է. «Մենք մեկ ընտանիք ենք, եւ բոլորս աշխատում ենք գովաբանել Աստծուն ու տարածել նրա խոսքը հավատացյալների շրջանում։ Որպեսզի առավել հզորացնենք մեր կապերը, պետք է ավելի խորը հասկանանք միմյանց»։
Հանդիպումները, որոնց մասնակցել են ղպտիների, Սիրիայի, Եթովպիայի, Էրիթրեայի եւ Մալանկարայի (Հնդկաստան) ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները, մաս են կազմել երկխոսություն ծավալելու միջազգային համատեղ հանձնախմբի նախապատրաստական միջոցառումներին։
«Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հանդիպումն է։ Նախորդ տարիներին շատ նվաճումներ ենք ունեցել, բայց ավելի շատ բան ունենք անելու առաջիկա տարիներին», ասել է քրիստոնեական միասնության խորացման հայրապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ուոլտեր Կասպերը։
Ըստ հաղորդագրության, հունվարյան հանդիպումների ժամանակ կոնկրետ հանձնարարություններ են տրվել մեթոդական ուղեցույց, ինչպես նաեւ աշխատանքային ժամանակացույց մշակելու։ Առաջիկա հանդիպումը նախատեսվում է 2004 թ. հունվարին։