Վրաստանի գլխավոր դատախազ Նուգզար Գաբրիլիձեն երեկ հայտարարեց, որ հետաքննությունը երկու շաբաթվա ընթացքում կպարզի եւ Անվտանգության խորհրդի նիստում կքննիՙ արդյոք Էդուարդ Շեւարդնաձեի դեմ դավադրության ծրագի՞ր է եղել, ի՞նչ նպատակներ են հետապնդում նման տեղեկություն տարածողները։
Փետրվարի 5-ին «Նոր ազգային շարժում» կուսակցության ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին, որը Վրաստանում առավել ճանաչված է իր անհավասարակշիռ պահվածքով, եւ վրացական մամուլը երբեմն նրան ամբաստանում է կաշառակերության եւ ազգությամբ հայ լինելու մեջ, «Ռուսթավի¬2» հեռուստատեսությամբ հայտարարեց, թե Շեւարդնաձեի շրջապատը ծրագրել է գահընկեց անել երկրի նախագահին։ Սահակաշվիլին նշել էր դավադրությունը նախապատրաստողների անուններըՙ պետնախարար (վարչապետ) Ավթանդիլ Ջորբենաձե, ՆԳ նախարար Կոբա Նարչեմաշվիլի։ Հեղաշրջումը, ըստ Սահակաշվիլու, պետք է լիներ թավշյա, այսինքնՙ Շեւարդնաձեն ստիպողաբար հեռուստատեսությամբ հայտարարում է, որ հրաժարական է տալիս եւ նախագահի լիազորությունները հանձնում պետնախարար Ջորբենաձեին։ «Նոր ազգային շարժման» առաջնորդի հայտարարությունը լրջություն չէր ստանա, եթե «դավադրության» վրա յուղ չլցներ «զոհը»ՙ Էդ. Շեւարդնաձեն։ Վրաստանի նախագահը, անհեթեթ որակելով Սահակաշվիլու պնդումները, այդուհանդերձ, գլխավոր դատախազությանը հանձնարարեց հետաքննություն անցկացնել։
Լրատվամիջոցների ուշադրությունն իր անձի շուրջ շարունակում է պահել Աբխազիայի կառավարության վտարանդի ղեկավար Թամազ Նադարեշվիլին։ Նա «Ջորջիան թայմս» թերթին տված հարցազրույցում պնդում է, թե իբր իր դեմ նախապատրաստվում է ահաբեկչությունՙ ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով։ Նադարեիշվիլին չի բացառել, որ ահաբեկչության հետեւում կարող է լինել Աջարիայի ղեկավարությունը։ Ի դեպ, Ասլան Աբաշիձեն բազմիցս մեղադրել է Նադարեիշվիլուն վրաց-աբխազական սահմանում մաքսանենգ առեւտրի, վրացի փախստականներին հասանելիք օգնությունը յուրացնելու, Աբխազիայի խնդիրը կարգավորելուն խանգարելու մեջ։
Տասը տարի շարունակ իբր ահաբեկչության պոտենցիալ զոհ է Ասլան Աբաշիձեն։ Աջարիայի անհնազանդ առաջնորդն արդեն 11 տարի հրաժարվում է տեսնել Թբիլիսին սեփական աչքերով, պնդելով, թե Վրաստանի իշխանությունները նպատակ ունեն ֆիզիկապես ոչնչացնել իրեն։
Բացառիկ պետություն է Վրաստանը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի