Ընտրելու իրավունք ունեցող բնակչության թիվն առայժմ անհայտ է
Ընտրացուցակների թերությունների մասին մեզանում խոսվում է ընտրություններից ընտրություններՙ նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների։
Հերթական ընտրությունների նախօրեին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում փորձեցինք պարզել ընտրելու իրավունք ունեցող մեր բնակչության թվային պատկերը։
Չկարողացանք պարզել զուտ մոտավոր պատկերն էլ, քանզի 2001-ի հոկտեմբերին անցկացված մարդահամարի վերջնական արդյունքները դեռեւս ամփոփված չեն եւ հրապարակման են պատրաստվում միայն փետրվարի 10-ից հետո։ Իսկ բնակչության տարիքային բաժանումով տվյալները հնարավոր կլինի ունենալ միայն տարվա երկրորդ կեսին։
Այնպես որ, առայժմ ուժի մեջ են նախկինՙ խորհրդային մարդահամարի տվյալները, համաձայն որոնց Հայաստանի 3,4 մլն բնակչության 72 տոկոսից ավելին ընտրական տարիքում էր։
Նոր մարդահամարի նախնական արդյունքների համաձայն, ըստ վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, մեր երկրում մշտական բնակչության ցուցանիշը 3,2 մլն է, առկա բնակչությանըՙ 3 մլն։ Չնայած գիտնականներն իրենց ուսումնասիրություններում եւ փորձագիտական հաշվարկներում շատ ավելի փոքր թիվ են նշում Հայաստանի այսօրվա բնակչության համար։
Ինչեւէ, տկն Կույումջյանը նշեց, որ մարդահամարի պաշտոնական, վերջնական տվյալները զգալի տատանումներ չեն գրանցի նախնական 3,2 միլիոնի համեմատ, որ, փաստորեն, աննշան է տարբերվում 1979-իՙ 3,4 միլիոնից։ Սակայն այդ դեպքում ընտրելու ենթակա բնակչության թիվը կպահպանվի՞ 70 տոկոսի սահմաններում, թե՞ ոչ, տկն Կույումջյանը պատասխանեց, թե վերջին տարիներին ժողովրդագրական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել եւ դժվար է զուգահեռ անցկացնել։
Անկախ նրանից, կհրապարակի՞ վիճակագրական ծառայությունը մարդահամարի վերջնական արդյունքները մոտ օրերս, թե՞ ոչ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ըստ սահմանված կարգի, փետրվարի 19-ից երեք օր առաջ պիտի հրապարակի ընտրելու իրավունք ունեցող բնակչության թիվըՙ տեղական ընտրական հանձնաժողովներից ստացված ընտրացուցակային տվյալների համաձայն։ Հուսանք, որ դրանք այս անգամ կապահովեն մեր բնակչության իրական պատկերը։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ