«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2003-02-06 | #23, 2003-02-07 | #24, 2003-02-08


ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶՉԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հաստատվեց առաջնության եւ գավաթի անցկացման մրցակարգը

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստում հաստատվել են 2003 թ. առաջնությունների եւ գավաթի անցկացման կանոնակարգն ու ֆեդերացիայի մշտական իրավական կոմիտեների նախագահները, ինչպես նաեւ քննարկվել է «Կոտայք» ֆուտբոլային ակումբի հետագա ճակատագրի հարցը։ Գործկոմի նիստի ավարտից հետո կայացավ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը լրագրողների հետ, որի հիմնական թեման ֆեդերացիայի ֆինանսական գործունեությունն էր։

Առաջնությունը 10 թիմով

Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն 10 թիմերՙ «Փյունիկը», «Շիրակը», «Բանանցը», «Արարատը», «Միկան», «Լեռնագործը», «Լեռնային Արցախը», «Դինամո¬2000»-ը, «Կոտայքն» ու «Արաքսը»։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով առաջնությանը չեն մասնակցի «Զվարթնոցն» ու «Արմավիրը»։ Առաջնությունը կանցկացվի 2 փուլով։ Առաջին փուլում թիմերը 2 շրջանով կորոշեն լավագույն վեցնյակին, որը եզրափակիչ փուլում կրկին երկու շրջանով անցկացվելիք մրցաշարում ի հայտ կբերի մրցանակակիրներին։ Ընդ որում, եզրափակիչ փուլը թիմերը սկսելու են «ոսկե» միավորներով։ Իսկ 7¬10-րդ տեղերը զբաղեցրած ակումբները վաստակած բոլոր միավորներով կրկին 2 շրջանով կորոշեն բարձրագույն խմբին հրաժեշտ տվող թիմին, որին հաջորդ մրցաշրջանում կփոխարինի առաջին խմբի հաղթողը։ Այսպիսով, 1¬6-րդ տեղերը զբաղեցրած թիմերից յուրաքանչյուրը կանցկացնի 28 խաղ, 7¬10-րդ տեղեր գրավածներըՙ 24 խաղ։ Բարձրագույն խմբի առաջնության անդրանիկ տուրը կկայանա ապրիլի 12¬13-ին։ Առաջին խմբում հանդես կգան Վանաձորի «Լոռին», Երեւանի «Կիլիկիան», «Փյունիկ¬2-ը», «Լեռնային Արցախ¬2-ը», «Սպարտակը», «Լոկոմոտիվը», «Նորք-Մարաշը», ՖԻՄԱ-ն, «Արարատ¬2-ը», Գյումրու «Շիրակ¬2-ը», Եղվարդի «Դինամոն» եւ Աշտարակի «Միկա¬2-ը»։ Մեկնարկը նախատեսվում է ապրիլի վերջին։

ՀՀ գավաթի խաղարկության մեկնարկը նախատեսված է մարտի 9-ինՙ նախնական փուլի հանդիպումներով, որոնց միջոցով (մեկ խաղից) պետք է որոշվեն առաջին խմբի 6 լավագույն թիմերը, որոնք 1/8 եզրափակիչից պետք է միանան բարձրագույն խմբի 10 ակումբներին։ 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան մարտի 13¬14-ին, պատասխան հանդիպումներըՙ մարտի 18¬19-ին։ Քառորդ եզրափակիչ խաղերը կկայանան մարտի 23¬24-ին եւ ապրիլի 6¬7-ին, կիսաեզրափակիչներըՙ մայիսի 17¬18-ին եւ 22¬23-ին։ Մայիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղում կորոշվի ՀՀ գավաթակիրը։ Մայիսի 9-ին նույն մարզադաշտում «Փյունիկն» ու «Շիրակը» կվիճարկեն սուպերգավաթը։

Գործկոմն անդրադարձել է «Կոտայք» ֆուտբոլային թիմի հետագա ճակատագրին։ «Ազգը» տեղեկացրել էր, որ հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել հովանավորելՙ դառնալով ակումբի նոր հիմնադիր, սակայն ակումբի ներկայիս տերերը խոչընդոտում են դրան։ Ֆեդերացիան թիմի մարզիչների եւ ֆուտբոլիստների անունից դիմում է ստացել, որոնք ցանկություն են հայտնել հանդես գալու Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո։ Որոշվել է ֆեդերացիայի կազմում ընդգրկել նոր գրանցվող «Կոտայք» հասարակական կազմակերպությունը եւ նոր ձեւավորվող թիմին թույլատրել հանդես գալու բարձրագույն խմբում։

Բանակցությունները շարունակվում են

Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսը սկսեց ֆեդերացիայի ֆինանսական գործունեության հաշվետվությունիցՙ շեշտելով, որ այս հարցում կողմնակից է թափանցիկության եւ այսուհետ յուրաքանչյուր լրագրող կարող է իրեն հետաքրքրող տվյալներն անձամբ իրենից ստանալ։ Սա, իհարկե, գովելի է։ Եվ այսպես, 2002 թ. ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիայի ֆինանսական մուտքերը կազմել են 975 հազար դոլար։ Այդ գումարից 580 հազար դոլարը ստացվել է ՈւԵՖԱ-ից, 77 հազարըՙ ՖԻՖԱ-ից, 200 հազարըՙ «ՈւՖԱ-Սպորտս» հեռուստաընկերությունից, 50 հազարըՙ հովանավորներից , 48 հազար դոլար կազմել են առաջնության մասնակիցների մուտքավճարները, 10 հազար դոլար էլ ստացվել է թիմերի տուգանքներից։ Ամբողջ ծախսերը կազմել են 815 հազար դոլար (հավաքական թիմերՙ 328 հազար դոլար, ֆեդերացիայի ապարատի պահպանման ծախսերՙ 230 հազար, պայմանագրային աշխատանքներՙ 21 հազար, գույքի ձեռքբերման ծախսերՙ 9550 դոլար, առաջնության ծախսերՙ 120 հազար, «Հանրապետական» մարզադաշտՙ 76 հազար դոլար եւ այլն)։ 2003 թ. համար նախատեսված են 1 մլն 266.250 դոլարի ֆինանսական մուտքեր, ծախսերը կազմելու են 1 մլն 22.900 դոլար։

Անդրադառնալով ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցին, ֆեդերացիայի նախագահը նշեց, որ բանակցությունները շարունակվում են։ Փնտրում են այնպիսի մարզիչ, որը մի քանի տարով պայմանագիր կկնքի եւ որի հետ հնարավոր կլինի խնդիրներ լուծել ընտրական մրցաշարում։ Իսրայելի հետ հանդիպմանը վնասվածքի պատճառով չեն մասնակցի Համլետ Մխիթարյանն ու Սարգիս Հովսեփյանը, իսկ Կարեն Օհանյանի հարցը վերջնականապես կորոշվի այսօր։ Աշխատանքներ են տարվում ապրիլի 30-ին ընկերական հանդիպում անցկացնելու ուղղությամբ։ Ընդհանրապես ծրագրված է այս տարի եւս 3 ընկերական խաղ կազմակերպել հավաքականի համար։ Անդրադառնալով Անդրեյ Մովսիսյանի հավաքականում հանդես գալու հնարավորությանը, ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ ֆուտբոլիստը պետք է ներողություն խնդրի ֆուտբոլասերներից այն բանի համար, որ ուկրաինացիների հետ խաղից հետո հրաժարվել էր խաղալ հավաքականում։ Իսկ որ Մովսիսյանի նման ֆուտբոլիստներն անհրաժեշտ են հավաքականին, նախագահը չի ժխտում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4