Արարատում շարունակվում է Արշակ Հովհաննիսյանի հուշամրցաշարը, որը նոր մրցաշրջանին նախապատրաստվող թիմերի համար խաղային պրակտիկայի ձեռքբերման հիանալի հնարավորություն է։ Երկրորդ ենթախմբում ընդգրկված «Արաքսի» եւ «Արցախի» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (1¬1)։ Առաջին ենթախմբի թիմերն անցկացրին 2-րդ տուրի հանդիպումները։ Առաջինը խաղադաշտ դուրս եկան «Կիլիկիան» ու «Դինամոն»։ Կիլիկիացիների առավելությունն ակնհայտ էր, որոնք էլ խաղը շահեցին 5¬1 հաշվով։ «Կիլիկիայից» 2 գոլ խփեց Գուրգեն Մանուկյանը, մեկական անգամ աչքի ընկան Վարդան Բաղդասարյանը, Սարգիս Մովսիսյանն ու Վահան Թոփալյանը։
«Միկայի» եւ «Փյունիկի» մրցավեճում հաշիվը 11 մ հարվածով բացեց Արմեն Պետիկյանը։ Չեմպիոնին պարտությունից փրկեց պաշտպան Վալերի Ալեքսանյանի խփած պատասխան գոլը։ 2 տուրից հետո 4-ական միավորով առաջին խմբի աղյուսակը գլխավորում են «Կիլիկիան» եւ «Միկան»։ «Փյունիկը» 2 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Դինամոն» առայժմ միավոր չի վաստակել։ Այսօր «Շիրակը» կմրցի «Արաքսի» հետ, իսկ վաղը կկայանան «Փյունիկ»¬«Դինամո», «Կիլիկիա»¬«Միկա» հանդիպումները։