Զեյթունցիներն իրենց տոնը նշեցին նախագահի մասնակցությամբ
Երեկ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր Արաբկիրի Հայորդաց տունՙ Նոր Զեյթուն թաղամասի հիմնադրման 55-ամյա տարեդարձին նվիրված հանդիսությանը մասնակցելու։ Միջոցառումը սկսվեց «Զեյթունցիների երգով», ապա մանկական երգչախմբի կատարմամբ հնչեց «Հայր մերը»։
Հանդիսությունը, որպես կանոն, տեղի է ունենում աշնանը, բայց 2002-ին, կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, հետաձգվել էր։ Ի սկզբանե երեկոն նվիրվեց նախագահին ու նրան մաղթեցին հաղթանակ առաջիկա ընտրապայքարում։
Իր ողջույնի խոսքն ասաց նաեւ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը։ «Ներկայացնելով Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, բերում ենք Սուրբ Էջմիածնի օրհնությունները ձեզ։ «Թող միշտ ապրի Զեյթունը», ինչպես ասվում է երգում», մաղթեց Սիոն եպս. Ադամյանը։ Այնուհետեւ հնչեց շարական, որին հաջորդեց Նոր Զեյթուն թաղամասի 55 տարվա սեղմ պատմության շարադրանքը։
Զեյթուն-Քանաքեռ համայնքի թաղապետ Ռուբեն Սինոյանը խոսեց զեյթունցու բնորոշ գծերի, նաեւ պատմական Զեյթունի մասին։ Ապա նշեց, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքը կայացել է եւ համայնքի պատվավոր անդամի կոչման դիպլոմներ ու փոքրիկ հուշանվերներ հանձնեց թատերագետ, երգիծաբան Խաչատուր Ավագյանին, գրող, նկարիչ Արեւշատ Ավագյանին, Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի հրամանատարին, ինչպես նաեւ Լիբանանի «Զեյթուն» հայրենակցական միության, պատմական Զեյթունի տոհմիկ իշխանների շառավղի ներկայացուցիչ Նշան Գյուլվանեսյանին։
Թաղապետ Ռուբեն Սինոյանը, դառնալով հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասաց, որ դահլիճում հավաքված համայնքի ներկայացուցիչների անունից կարող է ասել, որ իրենք վստահում են նախագահինՙ Ռոբերտ Քոչարյանի ընտրած ուղին համարելով իրենցը։ «Ձեր կարգախոսը մեր սրտով է», նախագահին հաջողություններ մաղթելով նշեց համայնքապետը։
Քանաքեռ-Զեյթուն համայնքն ակտիվորեն համագործակցում է Մարտակերտի հետ։ Այս կապակցությամբ ելույթ ունեցավ Մարտակերտի քաղաքապետըՙ հուշանվեր հանձնելով թաղապետ Ռուբեն Սինոյանին։ Ռուբեն Սինոյանին նվիրվեց Արցախի «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանի կողմիցՙ արկի բեկորներից պատրաստված հուշամեդալի տեսքով։
Վերջում խոսքը տրվեց գործող նախագահին։ Վերջինս շնորհակալություն հայտնելով նշեց, որ նախընտրական այս շրջանում երեկվա երեկոն տարբերվում էր նախորդ օրերից, քանի որ ամենուր միայն քաղաքականությունից են խոսում։ Անդրադառնալով համայնքի 55-ամյա տարեդարձին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Սա հայրենադարձության գաղափարի երեւի լավագույն ու հաջողված դրսեւորումներից մեկն է»։
Նախագահը նշեց նաեւ, որ Զեյթունի ազատագրական պայքարն օրինակ է Արցախի համար, հիշեց, որ ինքն էլ ժամանակին եղել է համայնքի ժամանակավոր բնակիչ, ապրելով հանրակացարանում։ Չցանկանալով խոսել ընտրություններից, նախագահն, այնուամենայնիվ, նշեց, որ մինչեւ միջոցառում գալը, ամփոփելով իր նախընտրական հանդիպումները, եզրակացրել է, որ երկու անգամ ավելի շատ հանդիպում է ունեցել, քան մյուս թեկնածուները միասին։ Այս հանգամանքը Ռոբերտ Քոչարյանը բացատրեց ոչ թե նրանով, որ ավելի վատ թեկնածու է, այլ նրանով, որ պարզապես աշխատելիս սիրում է ամեն ինչ անել առանց բացթողումների։
Ընդհանուր առմամբ միջոցառումը բավականին հագեցած էր եւ հպարտության որոշակի զգացում էր ձեւավորումՙ ի ցույց դնելով իսկական զեյթունցուն հատուկ որակների ամբողջությունը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ