«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2003-02-07 | #24, 2003-02-08 | #25, 2003-02-11


ՖՐԱՆՍԻԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԳԵՐՄԱՆԻԱ ՄԻԱՑՅԱԼ ԿԵՑՎԱԾՔ ԻՐԱՔԻ ՀԱՐՑՈՒՄ

Շիրակ-Պուտին հանդիպմանն արծարծվել է նաեւ Ղարաբաղյան հիմնահարցը

Նախորդ օրը Բեռլինում կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ բանակցություններ վարելուց հետո (տեսՙ էջ 5) նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ժամանեց Փարիզ եւ ամիջապես հանդիպում ունեցավ նախագահ Ժակ Շիրակի հետ։ Հանդիպման ավարտին երկու նախագահները միացյալ մամլո ասուլիս տվեցինՙ ներկայացնելով խոսակցության ընթացքում իրենց արծարծած գլխավոր հարցերի շրջանակը։

Բնականաբար, առաջին հերթին արծարծվել են իրաքյան ճգնաժամի հետ կապված խնդիրները։ Նախագահ Շիրակն ասաց, որ ավելի ուշ այս հարցի շուրջ կհրապարակվի Ֆրանսիա-Ռուսաստան-Գերմանիա միացյալ հայտարարությունը։ Իրազեկների պնդմամբ, այդ հայտարարության մեջ առաջարկվում էՙ 1. եռապատկել Իրաքում զանգվածային ոչնչացման զենքերի առկայությունը ստուգող ՄԱԿ-ի տեսուչների թիվը, 2. Իրաքում տեղադրել ՄԱԿ-ի ուժեր զորացնելու տեսուչների աշխատանքը, 3. իրաքյան ամբողջ երկինքը հայտարարել թռիչքազերծ գոտի, որը հնարավորություն կտա օդից զենքերի ստուգումներ կատարել, 4. ի վերջո Իրաքը կհայտարարվի ՄԱԿ-ի պրոտեկտորատՙ գործնականում անվանական դարձնելով Սադդամ Հուսեյնի իշխանությունը։

Ասուլիսում արդեն երկու նախագահները հայտարարեցին, թե իրենք համոզված չեն Իրաքում զանգվածային ոչնչացման զենքերի գոյությանը եւ թե անհրաժեշտ է հարցի խաղաղ կարգավորմանն առիթ տալ եւ, ամենակարեւորը, առանց ՄԱԿ-ի համապատասխան որեւէ քայլ չկատարել Իրաքի դեմ։

Նախագահ Ժակ Շիրակը թվարկելով արծարծված խնդիրներըՙ Հյուսիսային Կորեայի միջուկային տագնապ, միջազգային ահաբեկչություն, Չեչնիայում հանրաքվե անցկացնելու ծրագիր եւ այլն, հիշեց, որ անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանին, Ադրբեջանին եւ այս երկրների միջեւ առկա Ղարաբաղյան հակամարտությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4