Ռոբերտ Քոչարյանը երեկ Գավառում էր
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Գեղարքունիք-Երեւան
«Խմենք միասին, աշխատենք միասին»։ ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական լոզունգն այսպես վերաձեւակերպեցին գավառցիները։ Գեղարքունիքի մարզում երեկվա իր քարոզչական հանդիպումները Ռ. Քոչարյանը սկսեց Գավառի Հայրավան գյուղից, որտեղ հայրավանցիները նրան հորդորեցին վերընտրվելու դեպքում առավել մեծ ուշադրություն դարձնել գյուղացիների խնդիրներին։
Հայրավանի կարճ կանգառից հետո Քոչարյանին ընդունեցին Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու ռեկտորը։ Ռեկտոր Հրանտ Հակոբյանը կոչելով, ուսանողներին իրենց ձայնը փետրվարի 19-ին տալ Ռ. Քոչարյանին, քանիցս շեշտեց, որ նրա անմիջական ջանքերով Գավառի համալսարանի ուսանողներն էլ պետական մեր մյուս բուհերի նման ստացան ուսման ընթացքում չծառայելու իրավունք։ Քոչարյանն էլ իր հերթին առաջարկեց ամռանը մի առանձին հանդիպում կազմակերպել համալսարանի ուսանողների հետ։
Այնուհետեւ Ռ. Քոչարյանը եւ նրան սատարող կուսակցությունների ներկայացուցիչները Գավառի կենտրոնական հրապարակում հանդիպեցին քաղաքի ու մերձակա գյուղերի բնակիչների հետ, որտեղ գավառցիներն ուղղեցին հինգ տարի առաջ նման հանդիպման ժամանակ թույլ տված սխալը եւ նախագահի թեկնածուին օղի հյուրասիրեցին։
«Մենք 1998-ին պայքարել ենք միասին, հաղթել ենք եւ չենք ափսոսում։ Բազմահազարանոց ՀՅԴ-ն այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի կողքին է, նրան է տալու իր ձայնը», իր ելույթում նշեց ՀՅԴ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։ Ըստ նրա, իր նախագահության հինգ տարիների համար տրված խոստումները Ռ. Քոչարյանը կարողացել է իրականացնել 2¬2,5 տարվա ընթացքում։ «Մնացյալ ժամանակահատվածում նա զբաղված էր երկիրը ցնցումներից դուրս բերելով»։ Վահան Հովհաննիսյանի հավաստմամբ, թեեւ կան չլուծված խնդիրներ, եւ դրանք լինում են մշտապես, այնուամենայնիվ, արդեն կա առաջընթաց։
Գավառը ներկայացնող ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանն էլ վստահեցրեց, թե առնվազն երկու հիմնավորում պիտի ստիպի ընտրողներին քվեարկել հօգուտ Ռ. Քոչարյանի։ Ըստ պատգամավոր տիկնոջ, անհնար է բարեկեցիկ ապագա կառուցել առանց ԼՂ խնդրի լուծման, «իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է եւ պետք է լուծի Ռոբերտ Քոչարյանը»։ Հ. Հակոբյանի երկրորդ փաստարկի համաձայն, գործող նախագահը մյուս թեկնածուների համեմատ կայացած եւ փորձառու գործիչ է։
Անդրադառնալով մարզի եւ մասնավորապես Գավառի խնդիրներին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այստեղ կարեւորագույն է Սեւանա լճի հարցը։ «Հինգ տարի առաջ խոստացա գործարկել Որոտանի թունելը։ Գարնանը վերջինս շահագործման կհանձնվի, ինչի շնորհիվ չի իջնի Սեւանի մակարդակը»։
Ռ. Քոչարյանը խոստացավ նաեւ բարեկարգել մարզի ճանապարհն ամբողջությամբ։ Նրա հավաստմամբ, ճանապարհի Գավառի հատվածի ասֆալտապատումը կսկսվի գարնանը եւ կավարտվի ամռան երկրորդ կեսին։
Ռ. Քոչարյանը համոզված է, որ մեր երկրի այս շրջանն ունի զբոսաշրջության զարգացման հեռանկարներ, ինչի շնորհիվ կստեղծվեն աշխատատեղեր։ «Ինչ վերաբերում է ձեր արդյունաբերական հզորություններին, ապա խորհրդային տարիներին դրանք մեծ մասամբ կապված են եղել ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Այսօր աշխատում ենք, որ այդ ձեռնարկությունները նորից ինտեգրվեն այդ համակարգին»։ Ինչի առումով, ըստ Ռ. Քոչարյանի, առայժմ խոստումներ են տրվում։
Նույն խնդրի մասին պրն Քոչարյանը խոսեց նաեւ Մարտունիում, որտեղ նույնպես նրան մեծ ոգեւորությամբ ընդունեցին։ Քաղաքի եւ մերձակա գյուղերի բնակիչներին եւս հավաստիացվեց, որ հնարավոր է տեղի ձեռնարկությունների վերագործարկում ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի համագործակցությամբ։ Գործող նախագահը նշեց, թե, այնուամենայնիվ, մարզում արդեն կան գործող արտադրություններ, օրինակ, գորգագործական ֆաբրիկան, որն այսօր աշխատում է խորհրդային տարիների կրկնակի հզորությամբ, եւ որտեղ եղավ երեկ նախագահի թեկնածուն։
Ընդհանուր առմամբ, բարեկեցիկ կյանքՙ այս դեպքում ներդրումներ եւ աշխատատեղեր ունենալու համար, ինչպես վստահեցրեց Ռ. Քոչարյանը, անհրաժեշտ են կապի հնարավորություններ, լավ ճանապարհ։ «Մենք Սելիմի ճանապարհով չենք սահմանափակվի, որն, ի դեպ, կշահագործվի այս տարի։ Դուք ունենալու եք Երեւանի հետ կապող լավագույն ճանապարհ», խոստացավ թեկնածուն։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Գեղարքունիքի մարզում մեկնարկելու է 8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ բնապահպանական ծրագիր։
Վարդենիկ գյուղում կարճատեւ կանգառից հետո Գեղարքունիքի մարզում Ռ. Քոչարյանի հաջորդ հանգրվանը Վարդենիս քաղաքն էր։ Նրա հանդիպումը ընտրողների հետ համընկավ «Բազե» համահայկական արշավի համերգին։ Այստեղ Հրանուշ Հակոբյանը, խոսելով Սեւանի համար Ռ. Քոչարյանի արած գործի մասին, ասաց. «Դուք տեղյակ չեք, թե միջազգային ինչպիսի ճնշումներ էին գործադրվում մեզ վրա Որոտանի թունելի բացման առումով, քանի որ Ադրբեջանը դեմ էր նման նախագծին։ Բայց Որոտանը կլցվի Սեւան»։
Ռոբերտ Քոչարյանին սատարող ելույթներից մեկում էլ Վարդենիսի թիվ 2 դպրոցի տնօրենը հիշեցրեց Սոթքի ոսկու հանքերի վերագործարկումը։ Ռ. Քոչարյանն էլ հիշեց իր վերջին այցելությունը Վարդենիսՙ անցյալ տարվա մարտին։ «Այն ժամանակ քաղաքապետարանում խորհրդակցություն գումարեցինք եւ կազմեցինք Վարդենիսի հիմնախնդիրները մատնանշող արձանագրություն։ Այսօր զեկուցում եմ ձեզ, որ արձանագրության բոլոր կետերն ի կատար ենք ածել։ Սակայն, իհարկե, խնդիրներ դեռ շատ կան»։ Վարդենիսցիներին եւս Ռ. Քոչարյանը խոստացավ բարեկարգ ճանապարհ։ Հանդիպման ավարտին նա երգեց «բազեական» երգիչների հետ։
Վերջում Ռոբերտ Քոչարյանը Մեծ Մասրիկ գյուղում բացեց գազատար, որը, փաստորեն, գազով կապահովի ամբողջ գյուղը։
Ցավոք, նախընտրական այս շրջայցը Գեղարքունիքի մարզ ուղեկցվեց երկու ճանապարհային պատահարներով։ Շրջայցի սկզբում նախագահի արարողակարգի պետ Մամիկոն Տոնոյանի մեքենան փոքրիկ վթար ունեցավ, վերադարձին էլ շրջվեց Հրանուշ Հակոբյանին եւ Վահան Հովհաննիսյանին տեղափոխող մեքենան։ Բարեբախտաբար, պատահարները չունեցան լուրջ հետեւանքներ։