«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2003-02-08 | #25, 2003-02-11 | #26, 2003-02-12


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լեւոն Անանյան. «Ժողովուրդը հոգնել է զրոյից սկսելուց»

¬ Անկախությունը ազատության զգացման հաստատումն է, որը բնածին զգացում է,¬ մեր զրույցի ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը։ ¬ Մեր ժողովրդի գրեթե 6 հազարամյա փափագը մեզ ընծայվեց որպես Աստծո պարգեւ։ Վերջին հարյուրամյակի վայրիվերումներից հետո այն մեր ժողովրդի մեծագույն նվաճումն է։

Լեւոն Անանյանի ասած այս ընծան շատերիս, գրեթե մեզ բոլորիս շփոթահար արեց, բայց ի տարբերություն շատերի մերժումի շփոթությանը, ստեղծագործող այս մարդու համար այն եղավ արբեցումի շփոթություն։ Այս արբեցումը, սակայն, Լեւոն Անանյանի համար համընկավ մի կարեւոր շրջանի. 1991-ից նա սկսեց գլխավորել «Գարուն» ամսագրի խմբագրակազմը։

¬ Ինչ-ինչ գործեր ես արել էի, հաջողություններ ու ճանաչում ունեի։ Բայց անցած ժամանակի համար ես իմ կյանքի գործը համարում եմ «Գարունի» խմբագրումը,¬ ասում է Լեւոն Անանյանը։

Դժվարին այդ ժամանակներում, երբ ազգային մտածողությունն էր փոխվում, ազգային առաջնորդների տեսակն էր փոխվում, անշուշտ, «Գարունի» կարեւորությունը ակնհայտ էր։ «Գարունը» չընկրկեց, գույնը չփոխեց, հավատարիմ մնաց իր արմատներին ու ավանդներին, հոգեւոր առաջնորդի իր բաժինը կարողացավ տանել։ Այս բազմազբաղության պայմաններում Լեւոն Անանյանը կարողացավ հրապարակ հանել հայ թատրոնին նվիրված իր գիրքըՙ «Թատրոնը բեմում եւ էկրանին» (1996 թ.)։ Այս գիրքը փորձ է մոռացությունից փրկել ոչ միայն բեմում, այլեւ հեռուստատեսությամբ ներկայացված բեմադրությունները։ Թարգմանություններ է արել եւ տպագրության է պատրաստել երկու ժողովածու։

Տարիներ առաջ «Գրական թերթում» տպագրվեց «Պյուրոսյան հաղթանակ» հրապարակախոսությունը, որը մեր բերած բեռի, մեր տարվող բեռի եւ մեր տանելիքի մասին է, մշակույթի վրայով անցնող շեկ քամիների, բնաջնջման փոթորիկների մասին։ «Մեր մշակույթի անտերունչ վիճակը սոսկ վերջին ժամանակների հետեւանք չէր,¬ ասում է Լեւոն Անանյանը։ ¬ Դա ինձ տագնապահարում է։ Ուստի այսօր էլ ես կստորագրեի տարիներ առաջ հրապարակված այդ հոդվածի տակ»։

Տարիներ շարունակ Լեւոն Անանյան հրապարակախոսի ափը եղել է հայկական եւ հայաստանյան տրոփյունների զարկերակի վրա։ Ուստի նա կարող է առավել ճշմարիտ գնահատել մեր անցած ճանապարհը, գոնե վերջին 10-15 տարում։

¬ Շատ չե՞ն խոսողները, հատկապես սնապարծ խոսողները,- հարցնում եմ իրենՙ նկատի ունենալով ոչ միայն այսօրվա իրավիճակը։

¬ Այս բազմաձայնությունը, ցավոք, չի դառնում սիմֆոնիաՙ համանվագ, այլ մնում է որպես կակոֆոնիա։ Եվ դա շատ նկատելի է։ Աղմուկն է շատ եւ առ ոչինչ է այդ աղմուկը։ Գիտե՞ք, այս վերջին տասնամյակում շատ քիչ ասպարեզներ մնացին անձի ինքնահաստատման համար։ Փառամոլություններ ունի մարդը, որոնք շատ հաճախ գործի փոխարեն դառնում են խոսք, սոսկ խոսք։ Բնության մեջ է այդպես. տանձենու վրա երբեմն նաեւ մամուռ է աճում։ Այս հավելաճն էլ կանցնի տարիների հետ, եւ ամեն ինչ պիտի զուլալվի։

¬ Այստեղ անչափ կարեւորվում է մտավորականի դերը։

¬ Մտավորականն, անշուշտ, բախտորոշ պահերին պետք է լինի իր տեղում եւ իր վճռորոշ խոսքն ասի։ Եռաստիճան մի համակարգ գոյություն ունի, չէ՞. իշխանություն, մտավորականություն, ժողովուրդ։ Սրանից ավելի բարձր երկիրն ու պետականությունն են։ Ցավոք, մի այնպիսի վիճակ ստեղծվեց, երբ ժողովուրդն իր համար է ապրում, մտավորականություննՙ իր, իշխանությունն էլ իր ցավերն է հոգում։ Ես հիմա հիշում եմ Անգլիայի վարչապետ Դիզրայելի խոսքըՙ ասված մեկուկես դար առաջ. «Իշխանությունն ու ժողովուրդը նույն պետության մեջ երկու տարբեր ազգություններ են»։ Մտավորականությունն այս երկու «ազգությունների» միջեւ պետք է թարգման լիներ։ Բայց, դժբախտաբար, այդպես չէ, դեռ այդպես չէ։

¬ Հատկապես այս օրերին, երբ ՀՀ նախագահական ընտրությունների ենք նախապատրաստվում, շատերն են խոսում ժողովրդի անունից, շատերն են խոստումներ տալիս, հաշվի առնելով իշխանություն-ժողովուրդ բեւեռացումը։

¬ Այո, շատերն են խոսում։ Ընդդիմության մեջ էլ ինձ համար համակրելի մարդիկ կան։ Բայց ամեն դեպքում մեզանից ամեն մեկը պետական մտածողություն պետք է դրսեւորի։ Ես արդեն հոգնել եմ ամեն ինչ զրոյից սկսելուց։ Այս տասը տարվա ընթացքում մենք արդեն քանի անգամ զրոյից ենք սկսում։ Գալիս են, ջնջում են նախկին արվածը եւ նորից են սկսում։ Ժողովուրդն էլ է հոգնել։

¬ Այսինքն, մեր զրույցի թեման կրկին դառնում է խոսքը, ավելի ճիշտՙ խոսքի կշիռը։

¬ Ո՞վ չի հասկանում, որ փետրվարի 20-ին չենք արթնանալու եւ հզոր ու հարուստ երկիր չենք տեսնելու։ Ոչ ոք չունի այդ մոգական փայտիկը, որ առատության եղջյուրներից մանանա թափի, որ գործատեղեր բացվեն անմիջապես, որ թոշակները բազմապատկվեն... Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կլաններ կան, այս կլանները հզոր ուժ ունեն եւ նրանք դեռեւս շարունակվելու են։ Բայց արձանագրենք նաեւ, որ անցած տարիներին երկիրը նաեւ նկատելի տնտեսական աճ է ունեցել (տոկոսներն ինձ համար կարեւոր չեն)։ Այսինքնՙ գործ է արվել, չէ՞։

¬ Սա երկիրը շենացնելու, հարուստ երկիր ունենալու համար բավակա՞ն է։

¬ Չէ։ Ինձ համար առավել կարեւոր է, որ կարողանանք մեր մեջ կուտակված մաղձը թափել, իրար դեմ ապրելու ավանդույթ դարձող սովորությունից հրաժարվել։ Սա շատ կարեւոր է։ Բայց առավել անհրաժեշտ է մեր անցած տարիների երկու անչափ կարեւոր բացթողումները շտկելը։ Առաջինըՙ գյուղի հարցն է։ Գյուղին անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել։ Եվ, երկրորդը, գուցե եւ առաջինըՙ մեր ազգային մշակույթի նկատմամբ երկրորդական կամ գուցե չորրորդական վերաբերմունք է մշակվել։ Մեր ոգին ենք կորցրել։ Ժողովուրդը, այո, կարող է սոված ապրել 10 տարի, 20 տարի, մեկ դար, բայց առանց հավատի մեկ օր էլ չի ապրի։ Ազգային ոգու գերակայության անտեսումը միշտ էլ փակուղի է տանում։ Անկեղծ ասած, ինձ համար հաճելի չէր, որ Պուշկինի հուշամեդալ ստանալու ժամանակ մեր երկրի նախագահն ասաց, որ ինքը դաստիարակվել է ռուսական մշակույթի ազդեցությամբ եւ հարում է ռուսական մշակույթի արժեքներին, վերջում ավելացնելով, իհարկե նաեւ ազգայինը։

¬ Ամեն դեպքում, Դուք ընտրելո՞ւ եք թեկնածուներից մեկին։

¬ Անշուշտ։ Բայց ես չեմ ուզում ոչ մեկին հորդորել, ոչ մեկին պարտադրել նախընտրելի թեկնածուին։ Թող ամեն ոք ընտրի իր խղճի մտոք։ Մենք արդեն սպառել ենք սխալվելու մեր բաժնեմասը։ Պետք է ճիշտ ընտրություն կատարենք։ Մեր այս ընտրությունները սոսկ մեզ համար չեն, մեր զավակների համար են։ Հենց այս մտահոգությունը մեզ պետք է առաջնորդի ընտրությունների ժամանակ։

Լեւոն Անանյանն իր գրքերում, հրապարակախոսական հոդվածներում, ելույթներում միշտ էլ հետապնդել է մարդկային բարոյականության բարձրագույն արժեքների պաշտպանությունը։ Այդպես է եղել աշխատանքում։

Իհարկե, մի քանի օր անց նա էլ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նման կմտնի քվեախցիկ։ Բայց նա իր ընտրությունն արդեն կատարել է։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4