Կիրառվում են ընտրական տեխնոլոգիաներ
Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնը երեկ անցկացրեց հերթական սեմինարըՙ «Հասարակություն եւ ընտրություններ» թեմայով։ Սեմինարը սկսվեց Գերասիմ Բարսեղյանի («Վարկանիշ» ամսագիր) սեփական դիտարկումների շարադրմամբ։
Ըստ պրն Բարսեղյանի, 2003 թ. ընտրությունների ընթացքը շատ առումներով առանձնանում է նախկինում տեղի ունեցած ընտրություններից, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ դեռ չէին ձեւավորվել ընտրապայքարով զբաղվող մասնագիտացված կառույցներ։
Անցյալ ընտրությունների ժամանակ համապատասխան մասնագետներ ընտրապայքարը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով հրավիրվում էին արտերկրից։ Այս դեպքում հաշվի չէին առնվում տեղական առանձնահատկությունները, ինչպես նաեւ մեր ընտրողների քաղաքական կրթվածության ոչ բարձր մակարդակը։
Գերասիմ Բարսեղյանի կարծիքով, այս ընտրությունները բացառիկ էին քաղաքական մարկետինգի գործիքների, PR-ի, քաղաքական տարբեր տեխնոլոգիաների կիրառման առումով։
Խոսելով թեկնածուների էլեկտորալ վարկանիշներիցՙ պրն Բարսեղյանը նշեց, որ օրինաչափություն համարվող գործող նախագահի վարկանիշի անկումը քվեարկության օրվան մոտենալուն զուգընթաց Ռոբերտ Քոչարյանի դեպքում զգալի փոքր է։ Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին եւ Արտաշես Գեղամյանին, ապա 2-ի դեպքում էլ մոտ 4 տոկոս աճ է նկատվում։
Ստեփան Դեմիրճյանի դեպքում վարկանիշի նման աճը ծանոթ բացատրություն ունի։ Արտաշես Գեղամյանի դեպքում նման արդյունք են տվել նախընտրական տեխնոլոգիաները։
Ընդհանրապես, այս ընտրությունների ժամանակ առաջին անգամն էր, որ հեռուստատեսային բանավեճերից հետո բարձրանում է թեկնածուի վարկանիշը։ Օրինակՙ Արտաշես Գեղամյան-Սերժ Սարգսյան հայտնի հանդիպումը, որի ընթացքում Գեղամյանն աշխատեց չկողմնորոշված ընտրազանգվածին գրավել։
Գեղամյանի դեպքում հստակորեն աշխատեց նաեւ դիտողական գովազդըՙ մեծ պաստառների տեսքով։
Խոսելով սոց. հարցումների եւ իրականացնողների մասինՙ Գերասիմ Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցումներում հաճախ չեն տարբերվում ժողովրդականության եւ էլեկտորալ վարկանիշները։
Ըստ Գառնիկ Իսագուլյանի («Ազգային անվտանգություն» կուսակցություն), այս ընտրություններից դեռեւս 1,5 տարի առաջ է մշակվել ընդդիմության միասնական ծրագիրը, որով եւ աշխատում են։ Ծրագրի մշակումից հետո, ըստ պրն Իսագուլյանի, հասարակություն նետվեց նախ հայաստանցի-ղարաբաղցի տարբերության գաղափարը, ապա Մեղրու, այսպես կոչված, տարբերակը, ի վերջոՙ թույլ պետություն եւ բանակ խնդիրը։
Ի լրումն ասածի, Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ շատ ավելի վտանգավոր սցենար ունի ընդդիմությունը հետընտրական շրջանում։ Եթե ընդդիմադիր որեւէ թեկնածու անցնի (միասնական ծրագրի մասնակից), ապա նախ պատերազմ կլինի, հետո նահանջ մինչեւ Մեղրի։
Քննարկմանը մասնակցելիս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ խոսեց հասարակական գիտակցության խնդիրներից։ Նա նշեց, որ, ինչպես էլ պատկերացնենք հայ ընտրազանգվածին, հասարակությունը գնալու է ընտրությանՙ ունենալով ընկալումներ ու կայացած սկզբունքներ։
Ամենահետաքրքիրն ու էականը թերեւս այն էր, որ ընտրապայքարում ցավալիորեն չի խոսվում ծրագրերից, այլ միայն սոցիալ-տնտեսական հարցերից, որոնք ցավոտ խնդիր են բնակչության համար։ Ուստի թեկնածուները խոսում են ոչ թե նրանից, ինչից պետք է, այլ ինչ ցանկանում է լսել հանդիպումներին եկող ընտրողը։
Մինչեւ ե՞րբ...
Ա. Հ.