ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 11 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահական ընտրությունների կապակցությամբ նախապատրաստական աշխատանքներ է տանում Լոս Անջելեսում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ Այդ աշխատանքների մասին տեղի հեռուստատեսությամբ պատմել է գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը։
Գլխավոր հյուպատոսությունը նշանակել է երկու ընտրակենտրոն, որոնցից մեկը գտնվում է Գլենդեյլ քաղաքում, իրանահայերի միության կենտրոնում, մյուսըՙ գլխավոր հյուպատոսությունում (Բեւեռլի Հիլզ)։
«Մեզ մոտ արդեն ունենք հայտերով ներկայացված ընտրացուցակը ՀՀ այն քաղաքացիների, որոնք մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են այստեղ։ Բոլոր լրատվամիջոցներում տեղադրել ենք տեղեկատվությունՙ նոր հայտեր ստանալու եւ ցուցակները լրացնելու նպատակով»,-նշել Է Վալերի Մկրտումյանը։