Ամերիկայի արեւմտյան շրջանի Հայ դատի կոմիտեն հանուն արդարության եւ ճշմարտության վերականգնման ակցիա է կազմակերպելՙ Լոս Անջելեսի Սիմոն Ուիզենթալ կենտրոնի «Հանդուրժողականության թանգարանից» պահանջելով այլ ցուցանմուշների շարքում ընդգրկել նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր։
Ըստ հիշյալ կոմիտեից էլ. փոստով ստացված հաղորդագրության, հարցը հրատապ այժմեականություն է ստացել, երբ իր գոյության տասնամյակը նշել պատրաստվող թանգարանի մասին փետրվարի 3-ին «Լոս Անջելես թայմս» թերթում տպագրվել է թերթի անձնակազմի անդամներից Քրիստոֆեր Ռեյնոլդսի հոդվածը, որտեղ իր պարտականությունների մեջ թերացած լինելու համար մեղադրական խոսքեր են հնչել թանգարանի հասցեին։
«Այդ Ցեղասպանությունը բացակայում է թանգարանից, որովհետեւ, ինչպես ոմանք են պնդում, գոյություն ունի քաղաքական դաշինք հրեա եւ թուրք կառավարությունների միջեւ, որի նախորդներն իրագործել են այդ ցեղասպանությունը», գրել է հեղինակը։
«Անհեթեթ է 20-րդ դարի մասին խոսել եւ չնշել Հայոց ցեղասպանությունը։ Դա նման է Ամերիկայի պատմությունը դասավանդելուն, առանց անդրադառնալու քաղաքացիական պատերազմից առաջ տեղի ունեցած իրադարձություններին», այս առթիվ նշել է արեւմտյան շրջանի Հայ դատի կառավարական հարաբերությունների տնօրեն Արտաշես Քացախյանը։
Հ. Ծ.