Ամերիկյան այս ընկերությունը ժամանակին ցանկություն ուներ գնել Հայաստանի ԲԷՑ-երը
Ամերիկյան AES «Silk Road» ընկերությունը Վրաստանում սնանկացման եզրին է։ Այս ընկերությունը, որը 1999 թ. ցանկանում էր գնել նաեւ Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը (ԲԷՑ), լուրջ ֆինանսական դժվարություններ է կրում Վրաստանում, եթե չասենքՙ ճգնաժամի մեջ է։
AES «Telasi» (ամերիկյան ընկերությունը 1999 թ. հունվարից ձեռք է բերել վրացական էներգաբաշխիչ համակարգի 75 տոկոսը) վրաց-ամերիկյան ընկերության գլխավոր մենեջեր Իգնասիո Իրիբարենը երկուշաբթի օրը հայտարարեց, որ ֆինանսների բացակայության պատճառով չի բացառվում 9-րդ էներգաբլոկի դադարը։ Սա նշանակում է, որ ընկերությունը չունի ընդամենը 3,3 մլն դոլար, որպեսզի գնի ռուսական գազ։ 9-րդ էներգաբլոկն աշխատում է ռուսական վառելիքով, եւ ամսական անհրաժեշտ է 3,3 մլն։ Բանը հասել է նրան, որ Վրաստանի պետնախարար Ավթ. Ջորբենաձեն խոստացել է AES «Telasi»-ի համար հայթայթել 2 մլն դոլար, 750 հազար պատրաստ է տրամադրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։
9-րդ էներգաբլոկի անգործությունը նշանակում է Վրաստանի էներգահամակարգի կաթվածահարություն։
Վերջերս նախագահ Էդ. Շեւարդնաձեն ռադիոհարցազրույցում նշեց. «AES-ի ֆինանսական վիճակը շատ ծանր է։ Նրանք հեռացել են մի քանի երկրներից, բայց հրաժարվում են հեռանալ Վրաստանից։ Ես չեմ բացառում, որ նրանք կմնան մեր երկրում։ Շատ եմ ուզում, որ մնան։ 250¬300 մլն ներդրում են արել մեր փտած էներգահամակարգում»։
Համաձայն AES «Telasi» ընկերության տվյալների, ամերիկյան ընկերությունը 1999¬2002 թթ. ներդրել է 280 մլն դոլար։ Դրա հետ միասին սակագներն անշեղորեն աճում են, այսօր 1 կվտ-ը Վրաստանում արժե 13,7 թեթրի (36,5 դրամ)։ ԱՊՀ տարածքում Մոլդովայից հետո էլ. էներգիայի գներն ամենաբարձրը Վրաստանում են։ AES «Telasi»-ի ղեկավարությունը նշում է, որ եթե կառավարությունը փորձի իջեցնել գործող սակագները, ապա ընկերությունը կհեռանա Վրաստանից։ Ըստ էության, ցանկության դեպքում անգամ Վրաստանի կառավարությունը չի էլ կարող իջեցնել սակագները, քանի որ AES-ը մոնոպոլիստ է, ինչպես հունական OTE-նՙ Հայաստանի կապի համակարգում։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի