Երկրային կյանքի չափագրված նորմեր, սահմաններՙ իրավականի եւ բարոյականի, որով կարգավորում եւ ընթանում է մեր կյանքը։ Մարդու իրավունքների բնական «շրջապտույտը» (խոսքի, ազատության, աշխատանքի, սեփականության, անձնականության), ըստ նախասկզբնական ակունքների, լուրջ քննության է ենթարկված Ռաֆայել Պապայանի նորընծա «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» ստվարածավալ աշխատության մեջ։ Վստահաբարՙ բազմամյա մանրակրկիտ ուսումնասիրությունների, ջանադիր աշխատանքի, խորը հետազոտությունների արդյունքում է ծնվել այս աշխատությունը, որում օգտագործված է շուրջ 300 անուն գիտական, փիլիսոփայական, բանասիրական, աստվածաբանական ուսումնասիրություններ։
Գիրքը լույս է տեսել լիոնցի ազգային բարերար տեր եւ տիկին Սերժ եւ Անի Մանուկյանների մեկենասությամբ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարլեն Միրումյանի, աստվածաբանության դոկտոր Եզնիկ եպս. Պետրոսյանի գրախոսությամբ. հրատարակվել է Մայր աթոռ Սբ. Էջմիածնում։
Աշխատությունը բացվում է Ամենայն հայոց հայրապետի օրհնության գրով, գրքի խմբագիր Գագիկ Հարությունյանի արժեքավոր նախաբանով։ Գրքում զետեղված է ռուսերեն հրատարակության նախաբանըՙ ռուս ուղղափառ եկեղեցու մոսկովյան պատրիարքարանի արտաքին կապերի նախագահ, Սմոլենսկի եւ Կալինինգրադի հարգարժան մետրոպոլիտ Կիրիլի հեղինակությամբ, ուր մասնավորապես ասված է. «Մենք ականատես ենք, թե ինչպես են մարդկանց գիտակցության մեջ ներմուծվում հոգեզուրկ «հումանիստական» ստանդարտներ, որոնք քայքայում են եվրոպական քաղաքակրթության հասարակական կեցության ավանդական եւ ծագումով քրիստոնեական հիմքերը։ Դիտարկելով պետական իրավունքի հարցերըՙ հեղինակը ձգտում է գտնել դրանց աստվածաշնչյան արմատները, վերծանել դրանց քրիստոնեական ընկալումը, պատասխանել արծարծված հարցադրումներին, ելնելով Սուրբ մատյանից եւ քրիստոնեական ավանդույթից»։
Գրքի շնորհանդեսը կատարվեց 2 օր առաջՙ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի վեհարանում։ Հանդիսությանը ներկա էին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, հոգեւոր հայրեր, մտավորականներ։
Սահմանադրական դատարանի նախագահ, գրքի գիտական խմբագիր Գագիկ Հարությունյանը շնորհավորանքի եւ գնահատանքի խոսք հղեց հեղինակինՙ հյուրերին ներկայացնելով Ռաֆայել Պապայանի աշխատության նշանակությունն ու բուն էությունը, որ էՙ իրավունքի եւ իրավական նորմերն իբրեւ աշխարհաստեղծման օրերից սերվող իրողություններ։ Հեղինակի դիտարկումների հիմքը Սուրբ գրքի ողջ նյութն էՙ աստվածաշնչյան պատգամների «կիրարկումը», իրականացումը կենսական տարածքներում։ «Ուսումնասիրելով աստվածայինն ու մարդկայինը, երկնայինն ու երկրայինը սերտ փոխադարձ կապի մեջ, հեղինակը ցուցադրում է պետական իշխանությունն աստվածային տեսքի բերելու այն ուղիները, որոնք նախանշված են Աստվածաշնչումՙ ներկայացնելով երկնային արքայությունը որպես երկրային թագավորության, իսկ Աստծո իշխանությունըՙ որպես պետական իշխանության նախատիպեր»։
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Նավասարդ արք. Կճոյանը գիրքը գնահատեց իբրեւ հետեւողական եւ ջանադիր աշխատանքի արդյունք, իր ճանաչողական նշանակությամբ եւ հարցերի ընդհանրական քննությամբՙ իբրեւ բարոյական չափանիշների հանրագիտարանային արժեք, որ ընթերցողին «կմոտեցնի իսկական քրիստոնյայի այն կերպարին, որ կյանքում իրականացնելն այնքան էլ դյուրին չէ»։
Նմանաբնույթ գնահատանքի արժանացավ Ռ. Պապայանի աշխատանքը Մայր աթոռի դիվանապետ Արշակ վրդ. Խաչատրյանի եւ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի կողմից։
Ռաֆայել Պապայանը, որ ակնհայտորեն զգացված էր վեհարանում իր հասցեին հնչած խոսքերից, գոհունակությունը հայտնելով, նկատեց, որ եկեղեցու եւ պետական մարմինների միջեւ փոխըմբռնման նոր եզրեր կուրվագծվեն այս գրքի միջոցով։ «Թեեւ բոլորը, անկախ նրանիցՙ քրիստոնյա են, թեՙ ոչ, Աստվածաշունչը համարում են ամենաիմաստուն գիրքը, բայց, կարծես, չեն շտապում օգտվել իմաստնության այս շտեմարանից»։ Մինչդեռ աշխարհի գաղտնիքների բանալին սուրբգրային իմաստնությունների մեջ է թաքնված, անհրաժեշտ է պեղել, գտնել, ինչը որ փորձել է կատարել Ռ. Պապայանըՙ քննելով մարդ-Աստված, մարդ-մարդ երկու հարթությունների միջեւ փոխադարձ հարաբերություններն ու կապերը։
«Սահմանադրական դատարանում եւ Հայաստանյայց սուրբ առաքելական եկեղեցու գործունեության դաշտից ներս» Ռ. Պապայանի կատարած ծառայական վաստակը բարձր գնահատեց եւ օրհնանքի խոսք ասաց Ամենայն հայոց հայրապետը։ «Քրիստոնեական արժեքներով ապրող, քրիստոնեական արժեքները կյանքի կոչող հավատացյալի մտքի եւ հոգու արդյունքը» հանդիսացող աշխատության եւ ընդհանրապես կատարած ողջ գործունեության համար Մայր աթոռի գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, Սահմանադրական խորհրդի անդամ Ռ. Պապայանը պարգեւատրվեց Սբ. Ներսես Շնորհալու շքանշանով։ Երեկոյի անակնկալը Պապայան ընտանիքին կաթողիկոսի կողմից Ռ. Պապայանի կնոջըՙ տիկին Արփիին, նույն շքանշանի փոքր տեսակով պարգեւատրելու արարողությունն էր, որովհետեւ, ինչպես նկատեց վեհափառը, «ամեն տղամարդու ետեւում կա թաքնված մի ուժ, եւ այդ ուժը եւս այդ պարգեւից պիտի բաժին ունենա»։
Հանդիսության ընթացքում հնչեցին Գեղարդավանքի երգչախմբի շնորհալի սաների կատարումները։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ