«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2003-02-13 | #28, 2003-02-14 | #29, 2003-02-15


ՀՀՇ-Ն ԲԱՑԱՀԱՅՏ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՉՎԱՐԿԱԲԵԿԻ ՆՐԱՆ

«Եթե լինեն օրինական ընտրություններ, դրանք կավարտվեն առաջին փուլով եւ Ստեփան Դեմիրճյանի հաղթանակով», երեկ լրագրողներին վստահեցրեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։ Սակայն ՀՀՇ վարչության եւ հանրապետական խորհրդի փետրվարի 13-ի նիստը եզրափակվել է հայտարարությամբ, համաձայն որի նախագահական ընտրություններում կուսակցությունը չի պաշտպանի կոնկրետ թեկնածուի։ ՀՀՇ-ի համար ընդունելի կլինի ցանկացած թեկնածուի ընտրությունը, որն ունի տասը տարվա ՀՀ քաղաքացիություն եւ երկրում տասը տարվա մշտական բնակություն։

Եվ այնուամենայնիվ, թեկնածուների ողջ շարքից Ա. Զուրաբյանը նախընտրեց խոսել Ստեփան Դեմիրճյանի մասին։ Ըստ ՀՀՇ ղեկավարի, վերջինիս ընտրվելու հավանականությունն ամենամեծն է, քանզի նա համաժողովրդական սեր է վայելում։ «Նման հավաքներ, նման վերաբերմունք կար 1990¬92 թթ. մեր հանդեպ։ Բայց հետագա տարիներին ես նման երեւույթ առհասարակ չեմ հիշում»։

ՀՀՇ-ն դրական է գնահատում Ստեփան Դեմիրճյանի շրջապատը, որն, ի տարբերություն հայաստանյան իրականության մեջ ընդունված ձեւի, պատեհապաշտորեն չի հեռացել նրանիցՙ գործնական նպատակահարմարությանը տուրք տալով։

Ըստ Ա. Զուրաբյանի, անտեղի են նաեւ Ս. Դեմիրճյանիՙ փորձի պակաս ունենալու վերաբերյալ տեսակետները, քանի որ թեկնածուն, լինելով պարզապես Կարեն Դեմիրճյանի որդին, ողջ կյանքի ընթացքում է կուտակել քաղաքական այդ փորձը։ «Սակայն խիստ կասկածում եմ, որ ընդդիմությունը կարողանա վերահսկել ընտրությունների արդյունքները, քանզի այսօրվա իշխանությունները ղեկին մնալու այլ ճանապարհ չունեն, քան ընտրակեղծիքները»։

«Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը վերընտրվի արդար ընտրությունների արդյունքում, կաշխատե՞ք նրա հետ», լրագրողների հարցին Ա. Զուրաբյանը պատասխանեց, թե անգամ այդ տարբերակը ընդունելի կլինի, չնայած տասը տարվա քաղաքացիության պահանջին չբավարարելու խնդրին։

Իսկ կմասնակցի՞ ՀՀՇ-ն խորհրդարանական ընտրություններին։ Կմասնակցի՛ անտարակույս, ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական կարգով։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ այդ խնդրի համաձայնեցման մասին հարցին էլ Ա. Զուրաբյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ շարքային անդամ է, եւ մենք մեր գործողությունները չենք համաձայնեցնում նրա հետՙ անկախ նրանից, թե որքան ենք հարգում այդ գործչին»։

Ամեն դեպքում Արարատ Զուրաբյանը վստահեցրեց, թե այսուհետեւ կուսակցությունն առավելագույնս ակտիվանալու եւ մասնակցելու է բոլոր քաղաքական գործընթացներին։

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4