«Նախագահական ընտրությունների քարոզարշավը վերածվել է գյուղական հարսանիքներիՙ սեղաններ, կենացներ։ Մենք, փաստորեն, չունենք քաղաքական կուլտուրա»։ Նախագահական ընտրարշավում տեղ գտնող սխալների, բացերի մասին խոսելիս երեկ Մամուլի ազգային ակումբում նշեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը։
Թեկնածուներն իրենք, ըստ պրն Զոլյանի, կոպիտ սխալներ թույլ չեն տվել։ Նրա համոզմամբ, թեկնածուների մեծ մասն այս ընտրապայքարում լուծում է խորհրդարանում տեղ ունենալու խնդիրը։ «Եվ այս առումով նրանք ընտրարշավը կարող են հաջողված համարել, քանի որ որոշակի վարկանիշ իրենց համար ապահովեցին»։
Ս. Զոլյանը նշեց նաեւ, որ պայքարն ընթանում է ոչ թե գաղափարների շուրջ, այլ անձերի միջեւ։
ՄԱԱ-ի մյուս հյուրըՙ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն էլ, ընդհակառակը, համոզված էր, որ պայքարը գաղափարական ոլորտում է։ «Արտաշես Գեղամյանն անցյալ 12 տարիներին չի մասնակցել երկրի քայքայման գործընթացներին։ Եվ, ի տարբերություն մյուս թեկնածուների, առաջարկում է այլընտրանքային տարբերակ»։ Սա էր պրն Հովհաննիսյանի հիմնավորումը։
Պրն Հովհաննիսյանը վստահ է նաեւ, թե գործող նախագահի թիմն աստիճանաբար համոզվում է, որ ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է։ «Արտաշես Գեղամյան¬Սերժ Սարգսյան հեռուստատեսային բանավեճը գործող նախագահի թիմի առաջին քայլն էրՙ պարզելու, թե ում հետ առավել հարմար կլինի անցկացնել երկրորդ փուլը։ Իսկ իշխանական ռեսուրսները կարող են կարգավորել նաեւ երկրորդ փուլ անցնող երկրորդ թեկնածուի ընտրության հարցը»։ Երկրորդ թեկնածուի մյուս տարբերակն էլ, ըստ Հ. Հովհաննիսյանի, Ստեփան Դեմիրճյանն է։
Սուրեն Զոլյանը նշեց, թե համոզված չէ, որ կլինի ընտրությունների երկրորդ փուլ, բայց նաեւ չի բացառում։ «Այնուամենայնիվ, արդեն այն հանգամանքը, որ մենք լրջորեն քննարկում ենք ընտրությունների միջոցով իշխանափոխության հարցը, խոսում է մեր երկրում ժողովրդավարական նորմերի առաջընթացի մասին։ Եվ այստեղ կա նաեւ գործող նախագահի ներդրումը»։
Լ. Գ.