Հանրահայտ այս ճշմարտության հետ ընդհանրապես հաշվի չեն նստում հանրապետության որոշ լրատվամիջոցներ։ Դա շատ բնական է, քանի որ վերջիններս չեն ճանաչում ոչ չափ, ոչ սահման, ոչ էլ բարոյական որեւէ նորմ։ Իսկ լրագրողական էթիկայի մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է։ Դրանք սոսկ հագուրդ են տալիս սենսացիա սարքելու անզուսպ կրքերին։ Ու շատ հաճախ հիվանդագին երեւակայությունից սառնասիրտ դաժանություն է ծնվում։ Վկանՙ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերի փետրվարի 14-ի համարներում տպագրված սենսացիոն գլուխգործոցներն ենՙ կապված Հենրիկ Հովհաննիսյանի հետ։ Մարդը կենդանի է, բայց նրան այն աշխարհ են ուղարկում։
Այո, Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Հենրիկ Հովհաննիսյանի հետ փետրվարի 12-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Եվ դա նրա անհանգիստ բնավորության պատճառով։ Արտաշատում Հենրիկին գիտեն ոչ միայն իբրեւ մարզի մշակույթի բնագավառի նվիրյալներից մեկի, այլեւՙ չափից դուրս բարեխիղճ ու պարտաճանաչ մարդու։ Մարդ, որը սիրում է իր ձեռքով անել ամեն ինչ։ Չարախնդալու, չստուգված ու անպատկառ սուտ տպագրելուց առաջ թուղթ սեւացնողները թող բարի լինեին այցելել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր հենց դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է Հենրիկը։ Վնասվել է նրա այտոսկրը, եւ վիրահատական միջամտություն է պահանջվում։ Շնորհակալություն «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմինՙ մեր համաքաղաքացու նկատմամբ դրսեւորած ուշադրության եւ հոգատարության համար։ Հենրիկը մարզի եւ քաղաքի ղեկավարների, բոլոր ընկերների ու մտերիմների ուշադրության կենտրոնում է։ Նա կապաքինվի եւ անձամբ պատիվ կպահանջի ստահոդ լուրի հեղինակներից։
Չգիտես ինչու, Արտաշատն աչքի գերան է դարձել առանձին լրատվամիջոցների համար։ Նրանք միտումնավոր սեւացնում են մարզի եւ մարզկենտրոնի հետ կապված ցանկացած փաստ եւ իրադարձություն։ Հասկանալի է, պիտի ծանակման փորձ արվեր Տյառնընդառաջին նվիրված տոնական արարողությանը։ Իհարկե, դրան կարելի էր վերաբերվել քամահրանքով, եթե չարամտորեն չշոշափվեր Հենրիկ Հովհաննիսյանի անունը։
Ավելի լավ չես ասի, քան ասել է Շոթա Ռուսթավելին. «Չար մարդու համար վատ լուր իմանալուց ավելի հաճելի սփոփանք չկա»։ Ուզում ենք հավատալ, որ «դեղին մամուլի» «աճպարարները» կատարելապես են սփոփվել։ Պարզապես մի խորհուրդ նրանց. խաղաղվեք, ի սեր Աստծո։ Հանգիստ թողեք Արտաշատն ու արտաշատցուն։ Փորձեք սանձել ձեր մոլուցքը։ Այսպես անխղճաբար շաղ մի տվեք թույն ու չարություն։ Բա որ հանկարծ, ով գիտի, սպառվեք։ Ախր առջեւում խորհրդարանական ընտրություններ են։
ՄԱՐԳԱՐԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, «Արտաշատ» թերթի խմբագիր