Մոսկովյան շախմատային փառատոնի 3-րդ տուրն այնքան էլ հաջող չէր հայ շախմատիստների համար։ Ուժեղագույնների խմբում առայժմ բոլորից հաջողը Լեւոն Արոնյանի ելույթն է, որը հերթական հաղթանակը տոնեց Ֆեռնանդեսի նկատմամբ եւ մի խումբ շախմատիստների հետ 2,5 միավորով առաջատարների խմբում է։ Աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Մոիսեենկոն, Զվյագինցեւը, Ալեքսանդրովը, Եֆիմենկոն, Նաջերն ու Բոլոգանը։ Արոնյանից հետո 2-րդ ցուցանիշը պատկանում է Գաբրիել Սարգսյանին ու Արտաշես Մինասյանին (2-ական միավոր)։ Գաբրիելը ոչ-ոքի խաղաց Մալախովի հետ, իսկ Մինասյանը հաղթեց Իլյինին։ Իր օգտին հաղթական միավոր գրանցեց նաեւ Աշոտ Անաստասյանըՙ սեւերով պարտության մատնելով Կուռնոսովին։ Աշոտը վաստակել է 1,5 միավոր։ Մեկ միավոր գրանցվեց նաեւ Տիգրան Պետրոսյանի օգտին, որը խաղից ազատ էր (քանի որ «A» խմբում հանդես է գալիս 201 շախմատիստ, յուրաքանչյուր տուրում մասնակիցներից նվազագույն միավոր ունեցող շախմատիստներից մեկին գրանցվում է տեխնիկական հաղթանակ)։ Մեր մյուս 5 շախմատիստներըՙ Արա Մինասյանը, Աշոտ Նադանյանը, Ռաֆայել Վահանյանը, Տիգրան Նալբանդյանն ու Հովհաննես Դանիելյանը. պարտվեցին։
Ավելի հաջող հանդես եկան «B» խմբում ընդգրկված մեր պատվիրակները։ 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, Վարդան Դանիելյանը Յոնկմանի, Մարյասինի եւ Միթելմանի հետ գլխավորում է աղյուսակը։ Նրանցից կեսական միավորով հետ են մնում Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Արթուր Չիբուխչյանը, Էլինա Դանիելյանն ու Դավիթ Հարությունյանը։ 3-րդ տուրում Չիբուխչյանն ու Հարությունյանը հաղթեցին, մյուսները ոչ-ոքի խաղացին։ Առայժմ միավոր չի վաստակել Ջեյրանյանը։
«C» խմբի առաջատարներից Հայկ Վարդանյանն ու Լեւոն Բաբուջյանը, ցավոք, անհաջողության մատնվեցինՙ զիջելով համապատասխանաբար Պրոկուրորովին եւ Բայրախնուն։ Պարտություն կրեց նաեւ Վարդգես Սարգսյանը, իսկ ահա Տոնոյանը հաղթեց մրցակցին։ Այս խմբում աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Պրոկուրորովը, Մորխիաշվիլին, Բայրախնին, Յորովը, Գիլեւը, Բույակեւիչը, Դանգը, Մաքսիմովը, Անտոնովը եւ Վելիկանովը։