«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2003-02-13 | #28, 2003-02-14 | #29, 2003-02-15


«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՈՉ ՈՔ ՀԱՇՎԻ ՉԻ ՆՍՏՈՒՄ»

Փաստում է ադրբեջանական «Զերկալո» թերթը

Հունվարի 23-ին հեռուստակամրջային մամուլի ասուլիսում ադրբեջանական ընդդիմադիր «Ազգային անկախություն» կուսակցության վարչության անդամ պրոֆ. Նազիմ Մուզաֆֆարլին ի պատասխան մեր հարցի ասել էր. «Ղարաբաղյան հակամարտությանն ԱՄՆ-ի մոտեցումները միանգամայն համընկնում են Ադրբեջանի մոտեցումներին։ ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուստի մեր շահերին չի հակասում նաեւ նրա դիրքորոշումը»։ Այնուհետեւ նա, նկատի ունենալով «Զերկալո» թերթի քննադատությունները, ասել էր, որ մի թերթ կարող է քննադատել ԱՄՆ-ին, մյուսըՙ գովերգել։

Մինչդեռ ադրբեջանցի կուսակցական գործչին ուղղված հարցը պայմանավորված էր ոչ թե թերթային քննադատություններով, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի եռանախագահող Ռուդոլֆ Փերինայի դեկտեմբերի 11-ի հայտարարությամբ. «Միջազգային հանրությունը պատրաստ չէ ճանաչելու ո՛չ Հարավային Օսիայի, ո՛չ Աբխազիայի, ո՛չ էլ Մերձդնեստրի անկախությունը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փոքր-ինչ այլ է»։

Այլ կերպ, հարցը թերթերը չէին, այլ ԱՄՆ-ի դիրքորոշումից բխող դժգոհությունը։ Այլապես, Ղարաբաղի հակամարտության հարցով նախագահ Հեյդար Ալիեւի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը Փերինայի հայտարարությունը «ոչ կոռեկտ» չէր բնութագրի։ Ոչ էլ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2000 թիվն ամփոփելիս հարկ կհամարեր ընդգծել. «Մեր վարած քաղաքականությունը փոխել է միջազգային հանրության մոտեցումը ԼՂ խնդրին»։

Եթե Ազիմովը, արձագանքելով Փերինայի հայտարարությանը, հիմնավորում ր ԱՄՆ-ի նկատմամբ պաշտոնական Բաքվի դժգոհությունը, ապա փետրվարի 13-ի համարում «Զերկալոն» «Մեզ նույնիսկ Վրաստանի եւ Մոլդովայի հետ նույն շարքում չեն դասում» հոդվածով հաստատում է Օսկանյանի իրավացիությունը։

Հոդվածը նվիրված է Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, որը փետրվարի 10-ին տեղի էր ունեցել Փարիզում։ «Ազգը» տեղեկացրել էր, որ Շիրակ-Պուտին հանդիպմանը արծարծվել է նաեւ ղարաբաղյան հիմնահարցը։ «Զերկալոն» իր հերթին տեղեկացնում է հանդիպման ավարտին կազմակերպված մամուլի համատեղ ասուլիսի մասին, արձանագրելով. «Շիրակն ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհամաձայնությամբ։ Ուշագրավ է, որ Ֆրանսիայի նախագահը հակամարտության առնչությամբ չէր հիշատակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Չհիշատակեց նաեւ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումների նույնությունը խոսում է հիմնախնդրի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների դիրքորոշումների համընկնման մասին, որը չի կարող չանհանգստացնել Բաքվին»։

«Զերկալոն» մատնանշում է, որ Մինսկի խմբի երրորդ համանախագահող երկրիՙ ԱՄՆ-ի դիրքորոշումը համահունչ է Պուտինի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի արտահայտած դիրքորոշմանը, ավելացնելով. «Ընդսմին, միջազգային այլ հարցերում, ինչպիսին Իրաքինն է, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը տրամագծորեն հակադիր դիրքորոշում են որդեգրել։ Եվ Վաշինգտոնը հայտարարում է, թե Ֆրանսիան այլեւս ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցը չէ»։

Այնուհետեւ ադրբեջանական թերթը հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի եռանախագահ Փերինայի վերոհիշյալ հայտարարությունը, դա համեմատում է Ժակ Շիրակի դիրքորոշման հետ եւ հանգում այն եզրակացության, որ երկու դեպքում էլ վերջիններս անկախության ճանաչման առումով Լեռնային Ղարաբաղը տարբերակում են ինչպես Աբխազիայից, այնպես էլ Մերձդնեստրից։

«Զերկալոն» դժգոհություն է հայտնում, որ միջազգային ուժերը Չեչնիայի հարցում ելնում են Ռուսաստանի տարածքային ամբողջականության սկզբունքից, իսկ Ղարաբաղի հարցում հիմք են ընդունում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհամաձայնությունը, որը նշանակում է, որ հակամարտությունը կարգավորելիս կարելի է շրջանցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Ուշադրության է արժանի այն փաստը, գրում է թերթը, որ աշխարհի առաջատար երկրների ղարաբաղյան հիմնախնդրին մոտեցումն արմատապես տարբերվում է նրանց համանման խնդիրներին մոտեցումից, ինչն Ադրբեջանի օգտին չէ»։

Այս ամենի հիմքի վրա «Զերկալոն» հանգում է հետեւյալ եզրակացության. «Ադրբեջանի հետ ոչ ոք հաշվի չի նստում։ Մեզ նույնիսկ նույն շարքում չեն դասում Վրաստանի եւ Մոլդովայի հետ։ Վերջին շրջանում մեր արեւմտյան բարեկամները նախանձելի հաճախականությամբ ակնարկում են, որ ղարաբաղյան հիմնահարցին կարելի է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից անկախ լուծում գտնել։ Եթե նման ակնարկները սովորական են դառնում, դա նշանակում է, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանի միջազգային դիրքերը շատ թույլ են»։

Ադրբեջանի դիրքերի թուլացումը համազոր է Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդմանը։ Մնում է, որ այս իրողության հետ հաշտվեն գործող նախագահի մրցակիցները, եւ նրա վրա հարձակումներ գործելիս գոնե զերծ մնան այնպիսի շահարկումներից, ինչպիսիք են Հայաստանի այսպես կոչված մեկուսացումը, ղարաբաղյան հիմնահարցը եւ Մեղրիի միջանցքը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4