Սեպտեմբերի 11-ի հայտնի ահաբեկչությունից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը լրջորեն վերանայել է ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման կարգը։ ԱՄՆ նախագահի եւ Կոնգրեսի պահանջովՙ պետքարտուղարությունն ԱՄՆ այցելողների նկատմամբ կիրառում է անվտանգության ավելի խիստ չափորոշիչներ։ Անվտանգության չափորոշիչների այսպիսի խստացումը նպատակ ունի ԱՄՆ մուտք գործողների հանդեպ կիրառել ստուգման լրացուցիչ միջոցառումներՙ նախքան վիզա տրամադրելը։
Այն երկրների քաղաքացիները, որոնք ԱՄՆ պետքարտուղարության կողմից ճանաչվել են որպես միջազգային ահաբեկչությանը սատարող երկրներ, ԱՄՆ մուտքի վիզա ձեռք բերելու համար պետք է ԱՄՆ պետքարտուղարությունից ստանան հատուկ թույլտվություն, եթե նույնիսկ նրանք նախկինում արդեն եղել են Միացյալ Նահանգներում եւ բացարձակ կապ չունեն ահաբեկչական կազմակերպությունների հետ։ ԱՄՆ հյուպատոսություններին արգելվում է վիզա տրամադրել վերոհիշյալ երկրների քաղաքացիներինՙ առանց պետքարտուղարության համապատասխան թույլտվության, որի հետեւանքով վիզայի ձեւակերպումը կարող է երկարաձգվել մինչեւ մի քանի ամիս։ Վերոհիշյալ երկրների թվում են Կուբան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Լիբիան, Սուդանը եւ Հյուսիսային Կորեան։ ԱՄՆ մուտքի վիզայի համար դիմող այլ երկրների քաղաքացիների հանդեպ եւս կարող է կիրառվել նշված ստուգման կարգը, ինչը կարող է հանգեցնել վիզայի տրամադրման ժամկետների երկարաձգման։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող ոչ-ներգաղթային վիզաների գերակշռող մասը վավեր է տրման օրվանից 3 ամսվա ընթացքում։ Հետեւաբար խնդրում ենք, որ ԱՄՆ ճամփորդել ցանկացողները իրենց դիմումները ներկայացնեն ԱՄՆ հյուպատոսական բաժին ճամփորդությունից առաջ հնարավորինս շուտ (ԱՄՆ մեկնելու օրվանից առնվազն 2 ամիս առաջ), որպեսզի վերոհիշյալ հավելյալ ստուգումները չազդեն Ձեր ճամփորդական ծրագրերի վրա։
Մեր դիմորդների մեծ մասն արդեն տեղյակ է, որ 16 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչները դիմումին կից ներկայացնում են լրացուցիչ հարցաթերթիկ, որը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ տվյալ դիմորդի մասին։ Այս պահանջը կիրառվում է ամբողջ աշխարհումՙ անկախ դիմորդի ազգությունից, կրոնական պատկանելությունից կամ նախկին ճամփորդություններից։ Ավելին, բոլոր ուսանողները, ովքեր ցանկանում են ուսումնառել Միացյալ Նահանգներում, պետք է սովորական դիմումի հետ մեկտեղ ներկայացնեն հավելյալ հարցաթերթիկ։ ԱՄՆ Ներգաղթի եւ հպատակագրման ծառայությունը հաստատել է հաշվառման նոր կարգ, ըստ որի ամերիկյան բոլոր համալսարանները պարտավոր են օտարերկրյա ուսանողների տվյալները մուտքագրել միջազգային տեղեկատվական ցանցի մեջ, որպեսզի նախքան տվյալ դիմորդին վիզա տրամադրելը յուրաքանչյուր հյուպատոսարան հավաստիանա, որ տվյալ անձը ընդունվել է այդ համալսարանը եւ այդ ուսումնական հաստատության ուսանող է։ Ի վերջո, համակարգչային տեղեկատվական ցանցը, որում առկա տեղեկությունների հիման վրա հյուպատոսը տրամադրում է վիզա, հզոր խոչընդոտ է ահաբեկիչ եւ հանցագործ դիմորդների համար։
Անվտանգության այս լրացուցիչ չափորոշիչներն առանձնահատուկ չեն Հայաստանի համար։ Ամբողջ աշխարհով մեկ սփռված ԱՄՆ հյուպատոսարանները գործում են ԱՄՆ օրենքներով սահմանված միեւնույն կանոնակարգի համաձայն։ Ավելին, այս չափորոշիչները նպատակ չունեն որեւէ կերպ ճնշել Միացյալ Նահանգներ այցելել ցանկացողների նպատակներն ու ցանկությունները։ Հուսով ենք, որ մեր դիմորդները մեծ ըմբռնումով կմոտենան նոր ընթացակարգին, որը, մեր խորին համոզմամբ, կնպաստի ԱՄՆ այցելողների անվտանգության ապահովմանը։