«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2003-02-13 | #28, 2003-02-14 | #29, 2003-02-15


ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՐԵՎՈՐ ՎԿԱՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

5000 եվրո ոճրագործության բացահայտման համար a

«Ազգի» ընթերցողները տեղեկացել են, որ Նյուրնբերգում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դիսկոտեկից դուրս գալուց հետո, նոյեմբերի 30¬ի լույս դեկտեմբերի 1¬ի գիշերը խեղդամահ է արվել Երեւանից ուսանելու նպատակով Գերմանիա եկած 33¬ամյա Լուսինե Մերուժանի Մարգարյանը («Ազգ», 11.01 եւ 31.01.2003)։ Թերթի հիշյալ հրապարակումներին հավելենք վերջերս Բավարիայի քրեական ոստիկանության կողմից մեզ տրամադրած նոր լրատվությունը։

Վերջին տեղեկությունների համաձայն, քրեական ոստիկանության հետապնդումներով գտնվել է այս ոճրագործությանն առնչվող կարեւորագույն վկանՙ Ֆիլիմ Բիտիքին (ում Ֆիլիպ են կոչում), որի հետ Լուսինեն նոյեմբեր 30¬ի գիշերը եղել է Նյուրնբերգի դիսկոտեկում։ Ըստ ենթադրությունների, Ֆիլիպը 28 տարեկան է, հասակըՙ 180 սմ, կարճ, սեւ, գանգուր մազերով Կոսովոյի ալբանցի։ Գերմանիայում գտնվելն անօրինական է, փախստականի նրա հայցը մերժվել է, եւ այժմ արտաքսման նպատակով կալանքի տակ է։ Ոճրագործության բացահայտմամբ շահագրգիռ մարմինները հարցաքննել են վկայինՙ հույս ունենալով, թե դրանք լույս կսփռեն այսՙ դեռեւս մութ գործի մանրամասներին։ Բավարիայի երկրամասային քրեական ոստիկանությունը 5000 եվրո դրամական պարգեւ է սահմանել վկաների այն ցուցմունքների համար, որոնք կնպաստեն ոճրագործության բացահայտմանը։ Բավարիայի քրեական ոստիկանությունը փնտրում է այն մարդկանց, ովքեր այդ գիշեր կնոջը տեսել են քաղաքում կամ կենդանաբանական այգու մերձակայքում։ Դեռեւս չեն գտնվել սեւ վերարկուն, սեւ կոշիկներն ու սպիտակ բլուզը, որ այդ երեկո կրում էր Լուսինեն։

Կարեւոր տեղեկություններ կարելի է հաղորդել ԳԴՀ¬ում ոստիկանական ցանկացած ծառայակետի կամ տեղեկացնել Նյուրնբերգի քրեական ոստիկանությանըՙ 0911 211¬3333 հեռախոսահամարով։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4