Մալաթիա-Սեբաստիայում Ռոբերտ Քոչարյանին շատ ջերմ ընդունեցին
Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի այս ընտրարշավում ունեցած վերջին նախընտրական հանդիպումներից մեկը երեկ էր։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում նրան ընդունեցին առանձնահատուկ ջերմությամբ։
«Մալաթիա-Սեբաստիան մայրաքաղաքի ամենակազմակերպված համայնքներից է», նշեց հանրապետության նախագահըՙ մատնացույց անելով հիմնված այգիները, պուրակները, ակտիվ համայնքային կյանքը։ Այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը նկատում է, որ համայքն ունի իր յուրահատկությունը բազմահարկ շենքերի առումով, ինչը բազմաթիվ խնդիրներ է բերում, որոնք պետք է իրենց լուծումը ստանան. պետության տնտեսական աճին համընթացՙ կենցաղային խնդիրների լուծումն իրականություն է դառնում։ Նշված խնդիրները նաեւ թեկնածու Քոչարյանի գալիք 5 տարվա ծրագրերի կարեւոր մասն են կազմում։ Մալաթիա-Սեբաստիան, ըստ Քոչարյանի, շուրջօրյա ջրամատակարարում կունենա արդեն 2004-ի վերջին, կներդրվի լոկալ ջեռուցման համակարգը։ Ըստ թեկնածուի, այս ծրագրերն արդեն ապացուցել են, որ կենսունակ են։
Համայնքի բնակիչների համար ամենահետաքրքրականը, թերեւս, Մալաթիա-Սեբաստիայում եղած ձեռնարկությունների գործարկումն էր։ Նախագահը տեսնում է Մետաքսի գործարանի հեռանկարները. այժմ սփյուռքահայերի հետ բանակցություններ են ընթանում։ «Օրբիտան» վերագործարկած կազմակերպությունը մի քանի հայաստանյան ձեռնարկություններ արդեն հաջողությամբ աշխատեցնում է։ Հնարավորություններ կան նաեւ կրկնապատկելու «Մարս» գործարանի արտադրության ծավալները։
Երեկվա հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը փորձեց նաեւ ընդհանրացնել նախընտրական քարոզարշավին հանրապետության բազմաթիվ բնակավայրերում ժողովրդի հետ ունեցած իր հանդիպումներըՙ նշելով, որ դրանք մեծ ազդեցություն են ունենալու իր հետագա աշխատանքի վրաՙ առկա խնդիրների վերհանման առումով։ Իսկ ջերմ տրամադրությունը դեպի իրեն առավել եւս պարտավորեցնող է։
Ընդհանրապես, երկրի առաջիկա հեռանկարի համար հանրապետության նախագահը երեք կարեւոր խնդիր է տեսնումՙ երկրում կայունության պահպանումը, երկրի անվտանգությունը եւ ճիշտ արտաքին քաղաքականությունը։ Անվտանգության մասին խոսելովՙ Ռոբերտ Քոչարյանը չի կարեւորում միայն բանակի դերը, այլ ընդգծում է Հայաստանի ներգրավվածությունը միջազգային կառույցներին։ Նախագահը նկատում է, որ «այս 5 տարիների ընթացքում մեր երկրի անվտանգության մակարդակը զգալիորեն բարձրացել է, Հայաստանի վարկանիշն էլ անցած 5 տարիներին այլ որակ է ստացել»։
Թեկնածու Քոչարյանն իր պարտականությունն է համարում նաեւ կառավարության ուժերի հավաքագրումըՙ սոցիալական, տնտեսական խնդիրների լուծման համար։
Նախագահին ուղղված հարցերը բազմաբնույթ էին։ Դարձյալ թոշակառուներն էին հարցնումՙ կենսաթոշակները բարձրանալո՞ւ են։ Քոչարյանի խոսքով վերջին երկու տարվա տնտեսական աճը թույլ տվեց մարել առկա պարտքերը եւ գնալ կենսաթոշակների բարձրացման ճանապարհով։ Սա շարունակական գործընթաց է։
Հարց եղավ նաեւՙ արդյոք փոքր երկրի համար շատ չէ՞ խորհրդարանականների այժմ եղած թիվը։ Քոչարյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում նրանց թիվը 101 կդառնա։
«Երկրում նոր քաղաքականություն է ձեւավորվել, որի պտուղներն արդեն սկսում են երեւալ։ Հնարավորություն տվեք ինձ շարունակել այդ քաղաքականությունը եւ վստահ եղեք, որ հինգ տարի հետո ավելի լուրջ հաջողություններ ենք ունենալու», խոստացավ Ռոբերտ Քոչարյանը։
Մ. Հ.